Խցանումների խնդրի լուծումը մեքենաների «իրավունքների» սահմանափակումն է, հակառակ դեպքում դրանց թիվն անվերջանալիորեն կաճի։ Դրա մասին դեկտեմբերի 26-ին ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա գնահատմամբ՝ տրանսպորտային համակարգում ամենագլխավոր տարրը հետիոտնն է։ «Հաջորդը գալիս է հեծանիվները, սկուտերներն ու մոպեդները, իսկ հետո՝ հասարակական տրանսպորտը, որը շատ կարևոր է»,- նշել է նա։
Ավինյանը հավելել է, որ որքան գրագետ կազմակերպվի հասարակական տրանսպորտի համակարգը, այնքան խցանումները կնվազեն։
«Եթե ներկայում գործում է 75 տրանսպորտային գիծ, ցանկանում ենք ապագայում դրանք կրճատել՝ հասցնելով 42-45-ի։ Դա կլինի, երբ 18 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերվեն»,- ընդգծել է քաղաքապետը։
Նա միաժամանակ հայտարարել է ճանապարհային ցանցը զարգացնելու և «խելացի» լուսացույցներ տեղադրելու ծրագրերի մասին։
Պաշտոնյան նշել է, որ քաղաքային իշխանությունները հավատարիմ են այն դիրքորոշմանը, որ վթարի դեպքում ավտոմեքենաները պետք է 15 րոպեի ընթացքում դուրս բերվեն ճանապարհի երթևեկելի հատվածից։



























