Ավինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար: Նա իր տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով հոր կոպիտ խոսքերը լրատվամիջոցներից մեկի հարցերին ի պատասխան: 

«Հայրս բավականին կոպիտ եւ տգեղ պատասխաններ է հնչեցրել։ Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել, ափսոսում եմ ասված խոսքերի համար և ներողություն եմ խնդրում: Իրականում Երեւանի քաղաքապետարանը իր որեւէ քաղաքականություն մշակելիս բոլորի շահերը պաշտպանելու տրամաբանությամբ է շարժվում՝ եւ երեխաների, եւ տարեցների, եւ աղքատների եւ հարուստների եւ միջին խավի, եւ մեր վերաբերմունքը երեւանցիների նկատմամբ հավասարապես հոգատար է բոլոր մարդկանց մասով, չկա այդտեղ տարանջատում»,-ասում է նա:

Ավինյանը նշում է, որ դեղին մամուլի հրապարակումները որոշակի ազդեցություն է թողնում նաեւ իր ընտանիքի վրա, իր հայրն էլ քաղաքականությամբ չի զբացղվում եւ դյուրին է տրվում պրովոկացիաներին:

«Ես գիտեմ, որ իմ հայրն այդպես չի մտածում, ես գիտեմ, որ այն դաստիարակությունը, որը ինքը ինձ է տվել, իր այս խոսացածի մասին չէր եւ շատ ցավում եմ տեղի ունեցածի համար»,- ասել է նա՝ նշելով, որ քաղաքապետարանը աշխատում է երեւանցիների հարմարավետության համար:

Ավելի վաղ Oragirnews-ը հայտնել էր, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝ 500․000 դրամ։

«Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ․ ամեն իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»,- ասել է քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը։

Հարցին՝ դուք վճարե՞լ եք, քաղաքապետի հայրը պատասխանում է․ «Իմը անվճար է, էլեկտրական է»։

Ըստ Ավինյանի հոր՝ OPEL վարողները համբալ են. հրաժարականդ գրի, Ավինյան. Մանուկ Սուքիասյան