Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Սանայի օդանավակայանը ռմբակոծելու պահին այնտեղ է եղել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Դրա մասին հայտարարել է ինքը՝ ԱՀԿ ղեկավարը՝ նշելով կատարվածի մանրամասները։

«Երբ մենք պատրաստվում էինք նստել Սանայի մեր չվերթի ինքնաթիռը, օդանավակայանն օդից ռմբակոծվեց: Մեր ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը վիրավորվել է։ Առնվազն երկու մարդ զոհվել է օդանավակայանում։ Վնասվել են թռիչքների կառավարման  աշտարակը, մեկնման սրահը, որտեղից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էինք և թռիչքուղին: Օդանավակայանում պետք է սպասենք, մինչև վնասվածը վերականգնվի, որ կարողանանք օդ բարձրանալ: ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի իմ գործընկերները և ես ապահով ենք: Մեր անկեղծ ցավակցություններն այն ընտանիքներին, որոնց հարազատները մահացել են այս հարձակման հետևանքով»,- գրել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։