Նիկոլ Փաշինյանը սպառել է իրեն, ժողովուրդը հոգնել է պարտություններից, կորուստներից, չարաշահումներից, իշխանությունների լկտիությունից ու շահարկումներից։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը։

«Ժամանակն է, որ Փաշինյանը մտածի հրաժարական տալու մասին, սա կլինի ամանորյա լավագույն նվերը հայ ժողովրդի համար, որպեսզի երկիրը դուրս բերվի ստեղծված իրավիճակից»,- հավելեց նա։

Օսկանյանը հիշեցրել է, որ հայ բանտարկյալները երկար ժամանակ անօրինական կերպով պահվում են Բաքվի բանտերում, և որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ են ընթանում արդեն երկու տարի։

«Չեմ կասկածում, որ մեր բոլոր տղաները շուտով վերադառնալու են, և գուցե, ի վերջո, Փաշինյանն ինչ-որ թուղթ ստորագրի Ադրբեջանի հետ, գուցե Թուրքիայի հետ սահմանը բացվի, բայց դա մեզ չի մխիթարի, քանի որ դա լինելու է Փաշինյանի սխալների պատճառով Արցախը կորցնելու գնով։

Ինչո՞ւ է ուզում թաղել այս հարցը, ոչնչացնել մեր հայրենիքի մի կարեւոր հատվածի անցյալը, ներկան ու ապագան։ Որպեսզի ապագայում չկարողանանք խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ հայրենիք վերադառնալու իրավունքի մասին։

Այսօր նրանց վերադարձի իրավունքից օգտվելու հնարավորություն կա։ Միջազգային հանրությունը պատրաստ է օրակարգ մտցնել այս հարցը, մնում է, որ Հայաստանի իշխանությունները պաշտպանեն այն»,- հավելեց ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարը։