Առաջիկա ամանորյա տոները, կարծես, չափից դուրս ոգեշնչել են վարորդներից ոմանց։

Արդեն մի քանի օր է, ինչ լապտերների լույսերով զարդարված մեքենաներ են շարժվում Երևանի փողոցներով։ Գեղեցիկ է, թե ոչ, ճաշակի հարց է, բայց որքանո՞վ է դա օրինական և անվտանգ:

Այս հարցով NEWS.am-ի թղթակիցը դիմել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին։

«Մեքենայի նման «զարդարումն» օրենքով նախատեսված չէ և օրենքի խախտում է»,- մեկնաբանել են ՆԳՆ-ում։ Սարգսյանը հիշեցրեց, որ նմանատիպ խախտում հայտնաբերելու դեպքում, ավտոտեսուչն արձանագրություն կկազմի։

Ավտոտոնածառի հայտնվելը ֆուրոր է առաջացնում նույնիսկ հետիոտների շրջանում, և կարելի է միայն պատկերացնել, թե ինչպես է անիվների վրա տոնածառը շեղում մյուս վարորդների ուշադրությունը։