Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 27-ի նիստում հաստատեց ՆԳՆ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը, ինչպես նաև օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները:

Հիմնավորման մեջ նշվում է, որ պայմանագրային հիմունքներով իրականացնում է նաև նշված որոշման հավելվածներում չընդգրկված մի շարք այլ օբյեկտների, այդ թվում՝ բանկերի և դրամավարկային կազմակերպությունների պետական պահպանությունը։ Հատկանշական է, որ նշված օբյեկտների պետական պահպանությունը իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ հավելվածում ընդգրկվածներինը՝ մի դեպքում  համապատասխան կազմակերպությունների միջոցների հաշվին՝ Ոստիկանության հետ կնքված պայմանագրերի հիման վրա, մյուս դեպքում՝ կրկին պետական բյուջեի միջոցների հաշվին (օրինակ՝ «Հայկական ատոմային էլեկտրոկայան ՓԲԸ» և այլն):

Հիշյալ որոշման ընդունումից հետո դրա հավելվածներում ներառված որոշ Օբյեկտներ կորցրել են պետական պահպանության վերցվելու տեսանկյունից նպատակահարմարությունը, իսկ որոշ Օբյեկտներ էլ այլևս արդյունավետ չէ պահպանել ոստիկանական կայուն պահակակետերի միջոցով։

Բացի այդ, հավելվածներում ներառվել են նաև որոշ օբյեկտներ՝ պայմանավորված տվյալ պահի անհրաժեշտությամբ, որոնց հետագա պահպանության շարունակումը ներկայումս ևս նպատակահարմար չէ:

Ստեղծված իրավիճակը հետևանք է այն բանի, որ ձևավորված չեն եղել (այժմ էլ առկա չեն) Օբյեկտները պետական պահպանության վերցնելու հարցի նպատակահարմարության որոշման հստակ չափանիշներ:

Մյուս կողմից իրավական առումով հստակ ապահովված չէ պահպանության ծառայությունների մատուցման ոլորտում մասնավոր և պետական հատվածների գործունեության տարանջատումը, ինչը հանգեցնում է անառողջ մրցակցային վիճակի:

Նախագծով առաջարկվում է որոշակիացնել պետության կողմից պահպանվող Օբյեկտների ցանկը՝ միաժամանակ հաստատելով Օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները:

Այս համատեքստում, անկախ սեփականության ձևից, բոլոր այն Օբյեկտների պետական պահպանությունը, որոնք չեն համապատասխանի վերը նշված չափորոշիչներին, դրանց պահպանությունը կդադարեցվի:

Այս պարագայում խոսքը վերաբերում է միայն կայուն պահակակետերով պետական պահպանության դադարեցմանը: Ոստիկանությունը կշարունակի իրականացնել պայմանագրային հիմունքներով, ահազանգման համակարգով մասնավոր Օբյեկտների պետական պահպանությունը՝ մատուցվող ծառայությունների արժեքի վերանայման (բարձրացման) պայմանով:

Հաշվի առնելով, որ ոստիկանական պետական պահպանությանը այլընտրանքներ գտնելու համար համապատասխան պետական մարմիններին և կազմակերպություններին անհրաժեշտ կլինի որոշակի ողջամիտ ժամանակ, որոշմամբ նախատեսվել է, որ այն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից: