Իրաքում հնագետները, քրեագետների հետ միասին, սկսել են 1980-ականներին կառուցված զանգվածային գերեզմանի արտաշիրիմման աշխատանքները: Քրդական ավանդական գարնանային հանդերձանքով առնվազն 100 կանանց և երեխաների աճյունները գտել են Մութաննա նահանգի Թալ ալ-Շեյխիա բնակավայրի մոտ հայտնաբերված գերեզմանում, հայտնում է գերմանական Bild պարբերականը։ Այդ մարդիկ, ըստ փորձագետների, Սադամ Հուսեյնի ռեժիմի օրոք բռնաճնշումների զոհերն են եղել։

Ըստ Իրաքի զանգվածային գերեզմանների հետաքննության վարչության ղեկավար Դիաա Քարիմի՝ կանայք և երեխաները սպանվել են գրեթե 40 տարի առաջ «Անֆալ արշավի»՝ քուրդ բնակչության դեմ Հուսեյնի ամենաարյունալի գործողություններից մեկի ընթացքում: Զոհերից շատերը մահացել են մոտ տարածությունից գլխին արձակված կրակոցից, իսկ մյուսները, ենթադրաբար, ողջ-ողջ են թաղվել:

Պեղումների ղեկավար Ահմեդ Քուսայիի նկարագրած մանրամասներն առանձնապես ողբերգականություն են հաղորդում բացահայտմանը։

«Աճյուններից մի քանիսը կապված են միմյանց։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են մայրերը պահում իրենց երեխաներին մահվան պահին»,-պարզաբանել է նա։

Զոհվածների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, Սուլեյմանիա նահանգի հյուսիսային Քալար քաղաքից է, որն այժմ Քրդական ինքնավար շրջանի մաս է կազմում:

Պեղումների արդյունքում հայտնաբերվել է նաև մոտակայքում մեկ այլ զանգվածային գերեզման՝ տխրահռչակ Նուգրատ ալ Սալման բանտի մոտ, որտեղ Հուսեյնի օրոք քաղբանտարկյալներ էին պահվում։ Իրաքի իշխանությունների հաշվարկներով 1980-1990 թվականներին բռնապետի բռնաճնշումների արդյունքում մոտ 1,3 միլիոն մարդ է անհետացել։ Սադամ Հուսեյնը մահապատժի է ենթարկվել 2006 թվականին մարդկայնության դեմ իրագործած հանցագործությունների համար։