Թուրքիան հետ կկանչի իր դեսպանին Ֆրանսիայից, եթե այդ երկրի Ազգային ժողովը (ստորին պալատ) դեկտեմբերի 22-ին հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին:

«Կլինեն անդառնալի հետեւանքներ երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներում, սկսած մեր դեսպանին դեկտեմբերի 22-ին անորոշ ժամանակով հետ կանչելուց»,- AFP-ին հայտնել է Թուրքիայի դեսպանատան մամուլի քարտուղար Էնգին Սոլաքօղլուն:

Հիշեցնենք, որ ներքին պալատը մտադիր է քվեարկել օրինագիծը, որը ենթադրում է մեկ տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք Հայոց ցեղասպանության ժխտման համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս օրինագիծը ներկայացրել է Ազգային Ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն, եւ դեկտեմբերի 7-ին  Ֆրանսիայի Ազգային ժողովի Սահմանադրական օրենքների, օրենսդրության եւ հանրապետության ընդհանուր կառավարման հարցերով հանձնաժողովը ընդունել էր այս օրինագիծը, որ վերաբերում է վերաբերում է ռասիզմի դեմ պայքարում եւ ցեղասպանության գոյությունը կասկածի տակ դնելու համար պատժի մասին հանրության փոփոխության իրավունքին:

«Սա նոր նախագիծ է եւ կարծում եմ, որ կընդունվի այս տարի: Եւ դրանից հետո պետք է Սենատ ուղարկվի, որպեսզի հաստատվի»,- NEWS.am-ի հետ զրույցում նշել էր Հիլդա Չոբոյանը` կարծիք հայտնելով, որ Սենատն էլ մինչեւ մայիսի սկզբին կայանալիք նախագահական ընտրությունները կընդունի այս օրինագիծը. «Հանդիպումներից այդ տպավորությունը ստացանք, որ ընկերվարական (սոցիալիստական-խմբ.) կուսակցությունը տրամադրված է ընդունել այն»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հիլդա Չոբոյանը, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մյուս օրինագիծը չի ընդգրկվել Ֆրանսիայի Սենատի օրակարգ: