Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին կշտամբել է Արաբական պետությունների լիգային Սիրիայում թշնամանք հրահրելու մեղադրանքների համար՝ հաստատելով, որ Թեհրանը ձգտում է իշխանության խաղաղ անցման եւ ներառական կառավարության ձեւավորման Սիրիայում, տեղեկացրել է Tasnim-ը։
X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում արաբերեն հրապարակած հայտարարությունում Արաղչին հերքել է Արաբական պետությունների լիգայի այն պնդումները, թե Իրանը թշնամություն է հրահրում սիրիացի ժողովրդի շրջանում։
«Արաբական պետությունների լիգայի տիկնայք եւ պարոնայք, մենք, ինչպես եւ դուք, ձգտում ենք կայունության, հանգստության եւ անկարգությունների եւ քաոսի կանխման Սիրիայում՝ շատ հասկանալի պատճառներով.
- պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը,
- ապահովել բոլոր էթնոսների եւ աղանդների անվտանգությունը, ներառյալ սուննիները, շիաները, ալեւիները եւ քրդերը,
- ապահովել սրբավայրերի անվտանգությունը,
- կասեցնել անօրինական զենքը,
- մերժել ցանկացած պատրվակով ցանկացած օտարերկրյա միջամտություն,
- կանխել Սիրիայի վերածումը ահաբեկչության, ծայրահեղականության եւ բռնության ապաստարանի,
- հետեւել, որպեսզի Սիրիան սպառնալիք չներկայացնի հարեւանների եւ ողջ տարածաշրջանի համար,
- կանխել Իսրայելի հետագա արկածախնդրությունը եւ վտանգավոր ծավալապաշտությունը եւ ստիպել նրան հեռանալ օկուպացրած տարածքներից,
- եւ վերջապես, Սիրիայում ստեղծել ներառական կառավարություն»,- ասել է Արաղչին։
«Միեւնույն ժամանակ, մենք անհանգստացած ենք սադրիչ գործողություններով եւ պատրվակներով, որոնք ուղղված են հասարակության եւ տարածաշրջանի ուշադրությունը երեւակայական սպառնալիքների վրա շեղելուն»,- ասել է նա:
Նրա խոսքով՝սադրիչների նպատակն է.
- լեգիտիմացնել Սիրիայի տարածքի մի մասի շարունակական օկուպացիան, հատկապես Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից,
- արդարացնել օտարերկրյա միջամտությունը Սիրիայի ներքին գործերին,
- սիրիական բնակչության մի մասին հեռու պահել սեփական ճակատագիրը տնօրինելուն մասնակցելուց,
- եւ ի վերջո առաջ տանել սեփական հավակնությունները եւ նպատակները՝ առաջ բերելով խնդիրներ Սիրիայում»։
«Տարածաշրջանում առկա անհանգիստ վիճակի հաղթահարումը պահանջում է ռացիոնալություն, համագործակցություն, գործընկերություն, պառակտման մերժում եւ կարճաժամկետ օպորտունիզմ»,- ընդգծել է նա։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կիսում է տարածաշրջանի այլ երկրների տեսլականը՝ խաղաղ եւ անվտանգ անցում կատարել Սիրիայում ներառական կառավարության ձեւավորմանը՝ բոլոր խմբերի, էթնոսների եւ աղանդների մասնակցությամբ: Իսլամական հանրապետությունը նաեւ պատրաստ է օգնել հասնելու նշված նպատակներին»,- ավելացրել է նա:





























