ԱՄՆ Արիզոնայի նահանգում բարի սամարացուն մեռած են գտել այն բանից հետո, երբ երկուշաբթի նա առաջարկել է օգնել այն տղամարդուն, որը հայտնել էր, որ մեքենայի հետ կապած խնդիրներ ունի, տեղեկացրել է NBC News-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Պիմա օկրուգի շերիֆի դեպարտամենտը հինգշաբթի ճանաչել է զոհին՝ 53-ամյա Փոլ Քլիֆորդին։

Քլիֆորդի աղջիկը՝ Սաբրինա Վայնինգը, տեղեկացրել է, որ իր հայրն անհետացել է երկուշաբթի՝ տնից դուրս գալով ժամը 23.00-ին, որպեսզի օգնի «մեքենայի հետ խնդիրներ ունեցող անծանոթին»։

Վայնինգի խոսքով՝ նա տուն չի վերադարձել, իսկ ավելի ուշ հայտնաբերվել է մահացած։

Շերիֆի գրասենյակը տեղեկացրել է, որ Քլիֆորդի մարմինը գտնվել է այրվող մեքենայի կողքին Թուսոնից հյուսիս-արեւելք։ Վարչությունը չի նշել սպանության պատճառն ու ձեւը։

Դեպարտամենտի ներկայացուցիչների խոսքով՝ իշխանությունները սկզբում ուղարկվել են այդ շրջան կասկածելի ակտիվության մասին տեղեկությունների հետքով։ Նրանք պարզել են, որ տեղեկությունն ամենայն հավանականությամբ կապված է առեւանգված մեքենայի հետ, որն ավելի ուշ գտնվել է բնակելի համալիրում, նշված է հայտարարությունում։

Դեպարտամենտի ներկայացուցիչը չի տեղեկացրել, թե որտեղ է գտնվում այդ համալիրը։ Կասկածյալները պարզված չեն, եւ ոչ մի ձերբակալություն Քլիֆորդի մահվան հետ կապված տեղի չի ունեցել, ասել են դեպարտամենտում։