Իրանի կենտրոնական Սպահան նահանգում նոր միջուկային օբյեկտ կկառուցվի:
Ինչպես «ՖԱՐՍ» գործակալությանը հայտնել է Մեջլիսի պատգամավոր Ավաս Հեյդապուրը, դա կլինի քաղաքացիական ձեռնարկություն, բայց դրա հիմնական ուղղվածությունը պատգամավորը չի հստակեցրել:
Նրա խոսքով`օբյեկտի շինարարության մասին որոշումը կայացրել է կառավարությունը, մասնագետները նախապատրաստական աշխատանքներ են իրականացրել եւ ներկա պահին հողատարածքի հարցն է համաձայնեցվում:
2009թ. վերջին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը հանձնարարել է տարածքներ նախապատրաստել ուրանի հարստացման 10 նոր գործարանների համար: 2004թ.-ից Սպահան քաղաքում ուրանի հանքաքարի մշակման գործարան է աշխատում: 2009թ. ապրիլին նույն տեղում միջուկային վառելիքի արտադրության ձեռնարկություն է հիմնվել: Բացի այդ, Սպահանից 70 կմ հյուսիս Նաթանզ միջուկային կենտրոնն է գտնվում, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























