Անհետ կորած զինծառայողների ծնողներին խոստացել են 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման հետ կապված որոշակի ընթացակարգեր պարզելուց հետո նրանց էլ տեղեկացնել արդյունքների մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած Համազասպ Պողոսյանի հայրը՝ Հովհաննես Պողոսյանը:
«Մենք մեր երեխեքի պահանջից բացի ուրիշ պահանջ չունենք, մենք ոչ մեկի կողմից էլ ուղղորդված չենք, մենք դա ապացուցել ենք Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Մենք պետք է այդ ինֆորմացիան իմանանք, թե ով է մեղավոր, ինչ եղան մեր երեխաները, ոնց դարձան մսաղաց: Իրենք պետք է հասկանան, թե մեզ ինչ ծավալով ինֆորմացիա կարող են հայտնել: Մեզ մանրամասն ինֆորմացիա պետք չի, մեզ կոնկրետ անուններ են պետք, իմանանք էս մարդը դավաճան է, մենք էլ մեր անելիքը իմանանք»,- ասել է նա:
Նշենք, որ անհետ կորածների ծնողները նախօրեին փակել են Բաղրամյան պողոտան: Նրանք հանդիպում են պահանջում ԱԺ ղեկավարության հետ, մասնավորապես, 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, քանի որ իրենք այդ գործով տուժողների իրավահաջորդներն են եւ շատ հարցերի պատասխաններ են ուզում ստանալ: Ավելի ուշ նրանց հանդիպել էր Ալեն Սիմոնյանը եւ ասել, որ Անդրանիկ Քոչարյանը եւս կհանդիպի նրանց:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նաեւ հայտարարել է, որ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ, անհետ կորածների հարազատների հետ Ազգային ժողովում: Նրա փոխանցմամբ՝ կհրավիրվեն համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների հարազատներին հուզող հարցերը կդառնան քննարկման առարկան։
Մենք մեր երեխեքի պահանջից բացի ուրիշ պահանջ չունենք. անհետ կորածների ծնողներին խոստացել են տեղեկատվություն տրամադրել

Տեղադրություն




























