Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսաստանցի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում մեկնաբանել է դեկտեմբերի 26-ին Լենինգրադի մարզում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏՀԽ) նիստում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ լեզվակռիվ է տեղի ունեցել իր և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

«Դե, որպեսզի մի քիչ ավելի զվարճալի լիներ: Թե չէ կցրվեին, ուշադրության արժանի բան չէր լինի»,- Զարուբինին ասել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ Եվրոպական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ լեզվակռիվ է տեղի ունեցել երկու երկրների ղեկավարների միջև։

Սկզբում Լուկաշենկոն դժգոհություն է հայտնել հանդիպման որոշ մասնակիցների ֆիզիկական բացակայությունից։

«Դե, ես որպես նախագահ կխնդրեի, եթե մեզ դիտողներին հետաքրքիր է մեր միությունը, կխնդրեի, որ, այնուամենայնիվ, ներկա գտնվեն նիստերին և ոչ թե հեռուստացույցով ասեն, թե ինչպես են մեզ հետ համագործակցելու։ Նիկոլ Վովաևիչ, սա ձեզ չի վերաբերում։ Մենք գիտենք, որ դուք ոչ միայն սափրել եք ձեր մորուքը, այլև մի փոքր հիվանդացել եք, ուստի մենք ձեզ ընկալում ենք որպես մեր միության նոր, երիտասարդ, առնվազն արտաքուստ, անդամ»,- ասել է Լուկաշենկոն։

Սրանից հետո Լուկաշենկոն՝ որպես այն երկրի նախագահ, որին անցնում է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը, առաջարկել է միջոցառումներն անցկացնել Մինսկում։

Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի պատվիրակությունը համաժողովին կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով։

«Շնորհակալություն, Ալեքսանդր Գրիգորևիչ, պարզապես ուզում եմ հստակեցնել, որ մենք դեմ չենք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի անցկացմանը Մինսկում, բայց նախապես ուզում եմ ասել, որ մեր պատվիրակությունը հանդիպմանը մասնակցելու է տեսակոնֆերանսի միջոցով։ Շնորհակալություն»,- ասել է Հայաստանի վարչապետը։

«Իսկ ի՞նչ խնդիր ունեք։ Մինսկն է հեռո՞ւ, թե՞ ձեզ հասցնող չկա։ Դե, եթե անհրաժեշտ է, մենք կկազմակերպենք ձեր պատվիրակության համար»,- ասել է Լուկաշենկոն։

«Ալեքսանդր Գրիգորևիչ, ես այս առիթով հրապարակային հայտարարություն եմ արել, և այս հայտարարությունը մնում է ուժի մեջ։ Չեմ կարծում, որ սա ճիշտ ձևաչափ է այս հարցերը քննարկելու համար։ Պարզապես դուք ասացիք, անդրադարձաք հարցին, և ես պետք է անմիջապես արձագանքեի, որպեսզի թյուրիմացություններ չլինեն»,- պատասխանել է ՀՀ վարչապետը։

«Դե, մենք կքննարկենք ձեր հայտարարությունը»,- պատասխանել է Լուկաշենկոն։

«Քննարկելու ի՞նչ կա։ Դուք չեք կարող իմ հայտարարությունը քննարկել, քանի որ իմ հայտարարությունը քննարկման ենթակա չէ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Դե, մենք պարզապես կքննարկենք: Միգուցե հեռուստացույց չլինի, որպեսզի կարողանաք հեռակա ելույթ ունենալ»,- ասել է Բելառուսի նախագահը։

«Խնդիր չկա։ Խնդիր չկա։ Խնդիր չկա»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը։

«Ես հասկանում եմ, որ ձեր մոտ նաև հեռուստացույցների հետ կապված խնդիրներ են ծագել, ես ըմբռնումով եմ վերաբերում դրան»,- քիչ անց ավելացրել է ՀՀ վարչապետը։