Չինաստանում կապիտալ կուտակած գործարարներն այդ կապիտալը տեղափոխում են Հոնկոնգ: Այսօր` դեկտեմբերի 15-ին, նման հայտարարություն արեց Երեւանում գտնվող հոնկոնգցի գործարար, Ընկերությունների համաշխարհային խմբի (the Global Group of Companies) նախագահ Ջոնի Հոնը:
Նա Հայաստանում է գտնվում Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի ուղեկցությամբ: Այսօր նա Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախաձեռնությամբ հանդիպեց հայ գործարարների հետ:
Հոնկոնգցի գործարարին Հայաստանում հիմնականում հետաքրքրում են հանքարդյունաբերությունը, բանկային եւ հեռահաղորդակցության ոլորտները: Նշելով, որ Հոնկոնգում ազատ կապիտալ կա, Ջ. Հոնն ասաց, որ դրանք կարելի է ներդնել Հայաստանում: Նրա խոսքով` Վրաստանի իշխանություններն իրեն խնդրել են միջնորդել` չինացի գործընկերներ գտնելու համար, սակայն Ջ Հոնն ասաց, որ Չինաստանի գործարարները կաշկանդված են քաղաքական իշխանություններից:
Գործարարների Միության նախագահ Արսեն Ղազարյանը Հոնգոնգի գործարարի ուշադրությունը հրավիրեց Հայաստանում հատկապես քարի արդյունահանման ոլորտի վրա, նշելով որ այդտեղ առնվազն 3 հեռանկարային ծրագիր կա: Ինչ վերաբերում է բակային համակարգին, ապա արտասահմանցի հյուրին խորհուրդ տվեցին կապ պահպանել Բանկերի միության հետ:
Քննարկման ժամանակ հայ գործարարներից մեկը` «Արարատ սննդի կոմբինատի» ներկայացուցիչը հետաքրքրվեց, թե արդյոք արտասահմացի հյուրը պատրա՞ստ է ներդրումներ անել գյուղհումքի վերամշակման ոլորտում: Ջ. Հոնը պատասխանեց, որ ինքը ֆինանսիստ է, բայց եթե փորձագետները դրական եզրակացություն տան որեւէ նախագծի վերաբերյալ, ապա ինքը պատրաստ է միջոցներ հայթայթել:



























