Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի պաշտպանությունը այսօր վրդովմունք է հայտնել ինտերնետում Տիմոշենկոյի բանտային լուսանկարների եւ տեսանյութի ի հայտ գալու կապակցությամբ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նրա փաստաբանը հայտարարել է, որ բանտում առանց դատապարտյալի համաձայնության կատարվող ցանկացած նկարահանում ապօրինի է:
Ուկրաինայի քրեակատարողական ծառայությունն իր կայքում մի քանի լուսանկարներ է տեղադրել, որոնցում երեւում են բանտի ներքին բակը, բժշկական բաժանմունքը, ինչպես նաեւ 260-րդ սենյակը, որտեղ պահվում է Տիմոշենկոն: Բայց լուսանկարներում նա չկա: Երեւում է հարմարավետ սենյակը, որն ավելի շատ հյուրանոցային համար է հիշեցնում` պլազմային հեռուստացույցով եւ օդափոխիչով: Երեւում է լոգարանի մուտքը` լավ սանտեխնիկայով եւ ցնցուղով:
Բանտային լուսանկարներից հետո, որը, բանտի ղեկավարության մտադրությամբ, պետք է ցույց տար Տիմոշենկոյի կալանքի հարմարավետ պայմանները, YouTube կայքում տեսանյութ է հայտնվել, որը նկարահանվել է բժշկական ստուգայցի ընթացքում:
Ակնհայտ է, որ տեսանյութն արվել է բանտի աշխատակկազմի գիտությամբ եւ աջակցությամբ: Օպերատորը Տիմոշենկոյի սենյակ է մտնում թիկնազորի եւ սպիտակ խալաթներով մարդկանց ուղեկցությամբ, նկարահանում է նրան վերմակով ծածկված վիճակում, այնուհետեւ համազգեստով մարդիկ բացում են լոգասենյակի դուռը: Տեսանյութում երեւում է նաեւ ժամանակակից վերանորոգումը, իսկ Տիմոշենկոյի մահճակալի կողքին նույնիսկ բարձրակրունկ կոշիկներ են երեւում, գրում է «Օր»-ը:
Այդ տեսանյութը քննարկող սոցցանցերի օգտվողներից շատերը համաձայնում են, որ քրեակատարողական ծառայության դրած լուսանկարները, ինչպես նաեւ տեսանյութը կեղծված են, քանի որ Տիմոշենկոն չի երեւում, այլ միայն ձայնն է լսվում, որը կարող էր հետո ավելացվել:











