ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի հետ ռազմագերիների փոխանակման մասին «150-ը՝ 150-ի դիմաց» բանաձևով։

Ըստ հաղորդագրության՝ փոխանակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ին։

«Ներկայում բոլոր ռուս զինվորականները Բելառուսի Հանրապետության տարածքում են, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է տրվում կապ հաստատելու հարազատների հետ։

Ազատ արձակված բոլոր զինծառայողները կհասցվեն Ռուսաստանի Դաշնություն՝ բուժումն ու վերականգնումը ՌԴ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում շարունակելու համար։

Գերությունից ռուս զինվորականների վերադարձի համար հումանիտար միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները»- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։