Լույս է տեսել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Մամիկոնյանի հեղինակած «Բիզնեսի իրավական կարգավորման խնդիրները» (2024թ. դեկտեմբեր, 144 էջ) վերնագրով մենագրությունը, որն ունի կիրառական նշանակություն տնտեսական հանցագործությունների կանխարգելման համատեքստում:

Հեղինակը  NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ գրքում ներկայացված են ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեության իրավական կարգավորման առնչությամբ մի շարք խնդիրներ, որոնք, գործարարության զարգացմանը խոչընդոտող գործոնների շարքում հանդես գալով, միևնույն ժամանակ՝ կապված լինելով երկրի տնտեսական և սոցիալական իրավիճակների փոփոխություններից, դատական փորձագիտության լույսի ներքո ներկայումս պահանջում են լուծումների համար նոր մեթոդական մոտեցումներ:

Այդուամենայնիվ, ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումներն իրենց հերթին համընթաց կերպով կողմնորոշում են տնտեսական հանցագործությունների վարույթներով դատական տնտեսագիտական փորձաքննությունների նշանակման նոր հիմքեր, պայմաններ, ինչը նաև համարժեք կարգով ստեղծում է հետազոտություններում առաջադրված հարցերի պարզման նպատակով կիրառման համար մշակվող մեթոդական նոր մոտեցումների անհրաժեշտություն: Ներկայացվածին վերաբերելի իրավական կարգավորումների հստակեցումները, հնարավորություն կտան տնտեսագիտական փորձագիտական հետազոտությունների իրականացման տեսանկյունից բարելավել ինչպես միասնական մեթոդաբանության ձևավորումը, այնպես էլ՝ արժանահավատ արդյունքների ապահովման շարունակական կատարելագործման գործընթացը: