Տրինիդադ և Տոբագոյում երկուշաբթի արտակարգ դրություն է հայտարարվել, քանի որ երկրի կառավարությունը պատրաստվում է արձագանքել ավազակախմբերին նրանց առաջնորդի դեմ մահափորձից հետո, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Երկրի իշխանությունները մտադիր են արտակարգ դրությունն օգտագործել ՝ հրոսակախբերի դեմ պայքար սկսելու համար։ Պաշտպանության ուժերը կդառնան փաստացի ոստիկանական ուժեր և հնարավորություն կտան առանց թույլտվության խուզարկություններ անցկացնել, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետի աշխատակազմում նախարար Ստյուարտ Յանգը։

Նա մասնավորապես նշել է, որ այսուհետև գրավով ազատ արձակումը կկասեցվի, իսկ հանցագործության մեջ կասկածվողները կարող են առանց մեղադրանքի 48 ժամ կալանքի տակ մնալ։ Այդ ժամկետը դատարանի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս յոթ օրով:

Զինված անձինք կրակել են հայտնի ավազակախմբի պարագլխի վրա, երբ նա շաբաթ օրը դուրս էր գալիս ոստիկանական բաժանմունքից: Մահափորձի ժամանակ սպանվել է նրա թիկնազորի անդամը, հաղորդում է Trinidad and Tobago Newsday-ը: Զեկույցում ավազակախմբի պարագլխի անունը չի նշվում։

Կիրակի երեկոյան հինգ տղամարդ գնդակահարվել են, ինչը, ենթադրաբար, վրեժխնդրության գործողություն է, հաղորդում է Newsday-ը: Տրինիդադ և Տոբագոյում այս տարի ռեկորդային թվով սպանություններ են եղել։