Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր` դեկտեմբերի 15-ին, Բրյուսելում Եվրամիության  առաջնորդների հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ Եվրախորհրդարանի բանաձեւը Պետդումայի ընտրությունների վերաբերյալ իր համար «ոչինչ չի նշանակում»:  Ռուս խորհրդարանականների նման, նա էլ եվրոպացիներին խորհուրդ է տվել զբաղվել սեփական բազմաթիվ խնդիրներով:

«Ես մեկնաբանելու բան չունեմ, որովհետեւ դա մեր ընտրություններն է: Եվրախորհրդարանը դրա հետ ոչ մի կապ չունի: Նրանք կարող են ասել այն, ինչ ուզում են: Ես նրանց որոշումները չեմ մեկնաբանի, դրանք ինձ համար ոչինչ չեն նշանակում»,- «Ռոսբալտ»-ի փոխանցմամբ` ասել է նա:

Նա նաեւ ընդգծել է, որ ռուս խորհրդարանականների արձագանքը եվրոպացի գործընկերների խոսքերին եւս ժխտողական էր. «Մեր ռուսական խորհրդարանը, ի դեմս տարբեր խմբակցությունների, կուսակցությունների, որքանով ինձ հայտնի է, արտահայտել է իր լիակատար անհամաձայնությունը Եվրախորհրդարանի դիրքորոշմանը, քանի որ Եվրախորհրդարանը պետք է Եվրոպայի գործերով զբաղվի», - նշել է Մեդվեդեւը: «Նայեք, թե դուք որքան խնդիրներ ունեք», - դիմել է նա Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյին եւ Եվրամիության նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին:

Մամլո ասուլիսը տեղի է ունեցել Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի արդյունքների հիման վրա:

Հիշեցնենք, Եվրախորհրդարանը դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի վերաբերյալ բանաձեւ է ընդունել, որում անհանգստություն է հայտնում կեղծիքների եւ ընտրախախտումների կապակցությամբ եւ պահանջում է Պետդումայի նոր, արդար ընտրություններ անցկացնել:

Բանաձեւի վերաբերյալ իրենց դիրքորոշումն արդեն հայտնել են Պետդումայի եւ Դաշնային խորհրդի պատգամավորները, որոնք եվրոպացի խորհրդարանականներին առաջարկել են սեփական գործերով զբաղվել: