Իր երկու նախկին հարսներին դաժանաբար ծեծի ու կտտանքների ենթարկած սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը, այսօր` դեկտեմբերի 15-ին, Ոստիկանության Արարատի մարզային քննչական բաժնում առերեսվել է նրանց հետ: NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` առաջին հարսը հրաժարվել է ասել, որ սկեսուրը հարվածել է աչքին` պատճառաբանելով, որ դեռ 8 տարեկանից ինքը աչքի խնդիր ուներ, պարբերաբար բժշկի էր գնում եւ այլն: Նա միայն նշել է, որ սկեսուրն իրեն ծեծել է: Երկրորդ հարսը` Մարիամ Գեւորգյանը, եւս առերեսվել է սկեսուրի հետ: Մեր աղբյուրները նաեւ հայտնում են, որ քննչական մարմինը պետք է մտներ դատարան սկեսուրի նկատմամբ կալանքը վերահաստատելու նպատակով: Հավանաբար, այժմ վերահաստատում են Հայկանուշ Միքայելյանի խափանման միջոց կալանքը:
Նշենք, որ «Հետքը» գրել էր, որ Հայկանուշ Միքայելյանը իր հարսին` Մարիամին,ահավոր ծեծի էր ենթարկել, տանջել` արդուկով այրելով մարմնի տարբեր մասերը, կրակայրիչով վառել լեզուն, քաշել ու պոկել մազերը, պատառաքաղով ծակծկել մարմինը, կոտրել քիթը, անկյուն կանգնեցրել, արգելել լվացվել ու լողանալ: Մարիամի խոսքով` բացի ամուսնու եղբայրներից, մյուսները ծեծին մասնակցել են: «Չնայած սկեսրայրս միայն մեկ անգամ է ինձ խփել, ու սկեսուրիս հետ թեւս կոտրեցին: Իսկ Դավիթի եղբայրը, երբ նրա սենյակում էին ինձ արյունլվա անում, ասում էր՝ սրան ուրիշ տեղ տարեք, իմ սենյակից հանեք»,- պատմել է նա եւ ցույց տվել ամուսու եւ սկեսրոջ կողմից պատառաքաղի հարվածների պատճառով ուսին մնացած սպիները, ձեռքին ու մեջքին առկա տաք արդուկի հետքը: Սկեսուրը նույն անմարդկային վերաբերմունքին էր արժանացրել իր նախկին հարսին եւս:
Նա եւս Մարիամի հետ դիմել է ոստիկանություն: Ինչ վերաբերում է Մարիամ Գեւորգյանի ամուսնուն` Դավիթ Զիրոյանին, ապա նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր.-ի «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով: Քանի որ Դավիթ Զիրոյանին առաջադրված մեղադրանքը սահմանում է ոչ ավել, քան 3 տարվա ազատազրկում, քննիչի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է համաներում, եւ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Հայկանուշ Միքայելյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Նա ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հունվարից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Հայկանուշ Միքայելյանը հայտնաբերվել է ՌԴ-ում եւ դեկտեմբերի 12-ի երեկոյան էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան:Ի դեպ, եթե Մարիամի սկեսուրը մեղավոր ճանաչվի, ապա նա, ըստ Քրօրի 112-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշների` կդատապարտվի ազատազրկման 5-10 տարի ժամկետով:




























