Ո՞վ է մեղավոր, որ այսօր մորգում կան դիակներ, որոնց նույնիսկ ճանաչման արդյունքում չեն վերցնում, չեն հավատում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Այդ չհավատալու լուծումը որտեղ պետք է գտնենք: Ես կարծում եմ՝ ծանր հանդիպում է մեզ սպասվում, բայց դա անխուսափելիորեն պետք է տեղի ունենա: Մենք որոշեցինք նաեւ ժամկետը, բայց դրան պետք է նաեւ պատրաստվենք:

Մենք խնդրել ենք, որ անհետ կորածների, զոհվածների ծնողներն իրենք տան իրենց հետ մշտապես կոնտակտ ունեցող քաղհասարակության ներկայացուցիչներին, որ մենք նրանց հրավիրենք այդ փակ հանդիպմանը: Դա փակ է լինելու, կամերաներ չկան, որ գան փորձեն քաղաքական շահարկման նյութ սարքեն: Ծնողները եւս համաձայնեցին, որ քաղաքական շահարկումներ լինեն:

Ես նաեւ բարձրացրել եմ հարակից զեկուցման հարցը. հարազտաներն ունեն շատ որակյան փաստաբաններ իրենց կողքին: Հարակից զեկույցը շատ կարեւոր է, որպեսզի այն հարցերը, որոնք լուծված չեն, իրենք կարողանան շարադրել այնպես, որ գտնենք որտեղ եւ ով է թերացել այս խնդիրների լուծման  ընթացքում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նա հավելեց, որ աշխատելու են, որ այդ փակ հանդիպմանը լինեն առաջին դեմքերը՝ ԱԱԾ տնօրենից, ԱԳ նախարարից մինչեւ գլխավոր դատախազ: «Դա մենք կանենք տոներից հետո: Կարծում եմ՝ դա փետրվար չպետք է տեղափոխվի»: