Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ «Հարսնաքար» համալիրում մեկնարկել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոն: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին հասարակության տրամադրությունը բարձրացնելու համար եւ հարգանքի տուրք է մատուցել հավաքականի բոլոր ժամանակների ֆուտբոլիստներին եւ մարզիչներին:

«Ես մեր պետության ու ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում: Դուք կարողացաք ձեր խաղով մի փոքր բարձրացնել մեր հասարակության տրամադրությունը: Դուք կարողացաք նոր շունչ հաղորդել բոլորիս: Չեմ կասկածում որ դուք ինքներդ ոգեւորության կարիք ունեք եւ այդ ոգեւորությունը ստանում եք մեր ժողովրդից:

Իմ հարգանքի տուրքն եմ մատուցում նրանց, ովքեր երբեւէ խաղացել են Հայաստանի հավաքականում, բոլոր նրանց ովքեր մարզել ու կրթել են ձեզ այս տարիների ընթացքում: Մեր պետությունն ամեն ինչ անելու է, որ սպորտը դառնա հիմնական զբաղմունքի առարկա»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ Սերժ Սարսյանը Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանին եւ դարպասապահ Ռոման Բերեզովսկուն պարգեւատրեց պետական պարգեւով:

Բոլոր ֆուտբոլիստները պետության ղեկավարից ստացան անվանական ձեռքի ժամացույց:

Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին աջակցության համար եւ նրան նվիրեց հավաքականի առաջին համարի անվանական մարզաշապիկ եւ գնդակ, մեծարման երեկոյից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: