«Խոսք եմ տալիս անել ամեն ինչ, մեր ժողովրդին միշտ լավ խաղով լավ նվերներ մատուցելու համար»,- այսօր` դեկտեմբերի 15-ին, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոյի ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Հայկական ֆուտբոլի ղեկավարը շնորհակալություն հայտնեց հյուրերին, երկրպագուներին, հավաքականին աջակցած յուրաքանչյուր մարդու:
«Հավաքականն ունեցել է ծանր պահեր, բայց նախագահը միշտ կանգնած է եղել հավաքականի թիկունքին: Եղել է դեպք, որ ուզեցել եմ հրաժարական տալ, բայց նախագահը պարտադրել է մնալ, աշխատել ու առաջ տանել թիմին: Շնորհակալ եմ իմ սիրելի ֆուտբոլիստներից: Խոսք եմ տալիս անել ամեն ինչ մեր ժողովրդին միշտ լավ խաղով լավ նվերներ մատուցելու համար»,- հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հավաքականի կողմից անակնկալ էր պատրաստել եւ հուշանվեր հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, մեծարման երեկոյից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:




























