Ոստիկանությունը հետաքննում է վառելիքի տարաներով և հրավառելիքով բեռնված Tesla ընկերության Cybertruck ավտոմեքենայի պայթյունը, որը տեղի է ունեցել Նևադա նահանգում, Լաս Վեգասում՝ Թրամփի հյուրանոցի մոտ, հայտնում է BBC News-ը։
Ոստիկանությունից հայտնել են, որ վարորդը մահացել է, յոթ մարդ վիրավորվել է։ Տուժածները թեթև վնասվածքներ են ստացել։
Ըստ ոստիկանության հայտարարության՝ Tesla Cybertruck-ը վարձակալվել է Կոլորադոյում և քաղաք է ժամանել չորեքշաբթի առավոտյան՝ պայթյունից երկու ժամ առաջ։ Հյուրանոցի դիմաց կայանված ապակե մուտքի մոտ՝ մեքենան սկսել է ծուխ արձել, այնուհետև պայթել Է։
Իր երեկոյան ելույթում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Սպիտակ տունը վերահսկում է միջադեպը, և իրավապահ մարմինները հետաքննում են «հնարավոր կապը Ամանորի սկզբին 15 մարդու կյանք խլած Նոր Օռլեանի հարձակման հետ»:
Մամուլի ասուլիսում շերիֆ Քևին Մաքմահիլը ցույց է տվել պայթյունի կադրերը և հետևանքների լուսանկարները, ներառյալ վառելիքի մի քանի տարաներն և մեծ հրավառություն բեռնատարի հետնամասում:
Կադրերում երևում է՝ ինչպես է բեռնատարը կայանված հենց հյուրանոցի դիմաց։ Բեռնատարը մի քանի վայրկյան կանգնել, իսկ հետո պայթել։
Մաքմահիլը հայտնել է, որ իշխանությունները պարզում են, թե արդյոք միջադեպն առնչություն ունի Նոր Օռլեանում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դեպքի վայրի մոտ ինքնաշեն պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել:
Ըստ նրա՝ իրենք միաժամանակ ուսումնասիրում են՝ արդյոք դա առնչություն ունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, որը հյուրանոցի սեփականատերն է, կամ Էլոն Մասկի, որին պատկանում է Tesla ընկերությունը:
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ գործակալությունը հետաքննում է, թե արդյոք տեղի ունեցածը ահաբեկչություն է, սակայն իշխանությունները հայտնել են, որ այս պահին չեն հաստատել մեքենայի մեջ մահացած վարորդի ինքնությունը: Իշխանությունները միաժամանակ նշել են, որ դեռևս որևէ ապացույց չեն գտել, որ միջադեպբ առնչվում է Իսլամական Պետությանը:











