Ճապոնիայում վթարի ենթարկված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վերականգնման աշխատանքներին մասնակցում են ճապոնական յակուձայի հանցավոր կլանների ներկայացուցիչները: Այս մասին, ըստ Lenta.ru-ը, հայտարարել է ճապոնացի լրագրող Տոմահիկո Սուձուկին, ով իր լրագրողական հետաքննության արդյունքները հրապարակել է The Foreign Correspondents Club of Japan պարբերականում:
Իր «Յակուձան եւ ատոմակայանները» գրքում, որը գրախանութներում կհայտնվի դեկտեմբերի կեսերին, լրագրողը նշում է, որ մաֆիան փաստացի ղեկավարում է ԱԷԿ-ի վերականգնման համար աշխատողների ընտրությունը: «Ատոմակայանի աշխատակիցների շուրջ 10 տոկոսը վարձվել են յակուձայի միջնորդությամբ»,-գրել է լրագրողը:
Սուձուկիի վարկածով, ամենավտանգավոր աշխատանքներին հանցագործներն ուղարկում են իրենց պարտապաններին: Ավելին, այս պրակտիկան, Սուձուկիի տեղեկատվությամբ, կիրառվել է դեռ նախքան «Ֆուկուսիմա-1»-ի վթարը:
Ատոմակայանի կառավարմամբ զբաղվող Tepco ընկերությունում այս մեղադրանքները կտրականապես հերքում են:




























