Ոստիկանությունը հետաքննում է ավստրալական Virgin Australia ավիաընկերության անձնակազմի երկու անդամներին առնչվող միջադեպերը, որոնք ենթադրաբար բռնաբարության և գողության զոհ են դարձել Նոր տարվա առաջին ժամերին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը։
Անձնակազմի անդամները եղել են հայտնի զբոսաշրջային Նադի քաղաքում՝ հաջորդ օրը թռիչքից առաջ կանգառով, ասված է Ֆիջիի ոստիկանության կոմիսարի պաշտոնակատար Յուկի Ֆոնգ Չուի հայտարարության մեջ:
Ավիաընկերությունը, որը հայտարարել է, թե տեղյակ է ենթադրյալ միջադեպերի մասին, մարդկանց ուղարկել է Ֆիջի՝ աջակցություն ցուցաբերելու համար, սակայն այլ մանրամասներ չի հայտնել:
Ֆիջիի ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննությունները պարզել են, որ Virgin Australia-ի անձնակազմի մի քանի անդամներ գնացել են Նադիի գիշերային ակումբ:
«Ցավոք, անձնակազմի երկու անդամները գիշերային ակումբից դուրս գալուց հետո դարձել են ենթադրյալ գողության և բռնաբարության զոհ՝ փորձելով գտնել իրենց ճանապարհը դեպի հյուրանոց», -պատմել է Չուն:
Ֆիջիի փոխվարչապետ և զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի նախարար Ուիլյամ Գավոկան հայտարարության մեջ պարզաբանել է, որ դրանք երկու առանձին միջադեպեր են՝ ենթադրյալ գողության և սեռական ոտնձգություններով, որոնցում ավիաընկերության անձնակազմի երկու տարբեր անդամներ զոհեր են դարձել:
Գավոկան ափսոսանք է հայտնել ենթադրյալ միջադեպերի կապակցությամբ և հայտնել, որ կասկածյալը հարցաքննվել է, և որ հետաքննությունը շարունակվում է։



























