Պակիստանի զինվորականները ականանետերով գնդակոծել են Աֆղանստանի հարավ-արևելյան Հոստ նահանգի երեք սահմանամերձ գյուղերը, ուրբաթ օրը հայտնել են Թալիբանի ներկայացուցիչները:

Ամու հեռուստաընկերությունը հայտնել է, որ հինգշաբթի ուշ երեկոյան պակիստանյան զորքերը հարվածներ են հասցրել Ալիշերի շրջանի Այրուկամ, Կագա և Կարաբ գյուղերին։

Թալիբները «կտրուկ» են պատասխանել  գրոհներին, սակայն զոհերի կամ վնասների մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Վերջին շաբաթներին Աֆղանստան-Պակիստան սահմանին լարվածությունը կտրուկ աճել է: Անցյալ շաբաթ բախումներ են տեղի ունեցել Հոստ և Պակտիա նահանգների սահմանամերձ շրջաններում՝ ի պատասխան Պակտիկա նահանգի Բարմալ շրջանում Պակիստանի ավիահարվածի։ Թալիբանը հայտարարել է, որ հարվածի հետևանքով, որի թիրախը փախստականներն են եղել, առնվազն 46 մարդ է զոհվել: