Պաշտոնական վիճակագրության համաձայն, անցած տարի Հայաստանի տնտեսությունում զբաղվածությունը կազմել է 1 միլիոն 104 հազար 800 մարդ: 2010-ին Հայաստանի մշտական բնակչությունը 3 միլիոն 256 հազար 100 էր: Աշխատանքային ռեսուրս էր համարվում 2 միլիոն 252 հազար 300-ը: 1 միլիոն 147 հազար 700-ը զբաղվածության ցուցանիշում բացակայում է:

Պետական հատվածում զբաղվածությունը եղել է 209,3 հազար, ինչը Հայաստանի զբաղվածների 19 տոկոսն է: Մասնավոր հատվածում զբաղված է 895,5 հազար մարդ` 81 տոկոս:

Այս թվերը պարզաբանման կարիք ունեն: Զբաղվածության բարձր ցուցանիշի գաղտնիքը դրա սահմանման մեջ է: Գյուղատնտեսությունն աշխատանքով է ապահովում Հայաստանի զբաղվածների կեսից ավելիին: Մասնավոր հատվածում գյուղատնտեսությունն ապահովում է 498,8 հազար մարդու աշխատանք: Դա կազմում է զբաղվածների 55,7 տոկոսը:

Վիճակագրական ծառայության մեթոդոլոգիայի համաձայն, զբաղված է համարվում արտադրանք տվող յուրաքանչյուր մարդ, նույնիսկ, հողամաս ջրող եւ ընտանիքի կարիքների համար վարունգ աճեցնող գյուղացու զավակը:

Գյուղում ապրում է Հայաստանի մշտական բնակչության մոտ 1/3-ը: Նրանց աշխատանքն ապահովում է ՀՆԱ-ի 17 տոկոսը:

Նշենք, որ տասնյակ հազարավոր գյուղացիներ Ռուսաստան են մեկնում ժամանակավոր աշխատանքի: Այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանի առեւտրային բանկերով կատարած մասնավոր փոխանցումները կազմել են 459 միլիարդ դրամ: Հայաստանի գյուղատնտեսությունը նույն ժամանակահատվածում 727,7 միլիարդ դրամի արդյունք է տվել:

«Զբաղված» է համարվում նաեւ այն քաղաքացին, որը վարձով կամ անվճար ժամանակավոր աշխատանք է կատարել:

Մասնավոր հատվածում գյուղատնտեսությունից հետո աշխատողների թվով երկրորդ տեղում արդյունաբերությունն է` մասնավոր հատվածի զբաղվածների 12,1 տոկոս: Նախորդ հինգ տարում արդյունաբերության մասնավոր հատվածում զբաղվածների թիվը կրճատվել է 23,6 հազարով, պետական հատվածում` 6,6 հազարով:

Պետական հատվածում զգալի է կրթության ոլորտում զբաղվածների թիվը` 46,5 տոկոս: Երկրորդ տեղում առողջապահության եւ սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտն է` 14,3 տոկոս:

Պետական հատվածում զբաղվածների ընդհանուր թիվը հինգ տարում կրճատվել է 5 հազարով: Տնտեսության ոչ պետական հատվածում գրանցվել է զբաղվածների աճ` 17,4 հազար: Հնգամյակում զբաղվածության աճը եղել է 12,4 հազար կամ 1,1 տոկոս: