Իրանի ԱԳՆ-ն կանչել է Իտալիայի դեսպան Պաուլա Ամադեիին իր քաղաքացուն կալանքի տակ պահելու պատճառով, տեղեկացրել է Mehr-ը։

Ամադեիին կանչել է արտաքին գործերի նախարարության Արեւմտյան Եվրոպայի վարչության գլխավոր տնօրեն Մաջիդ Նիլին՝ կապված Մոհամադ Աբեդինիի շարունակվող կալանավորման հետ, հայտնել է իրանական լրատվամիջոցը։

Իրանական ընկերության համահիմնադիր Աբեդինին եւ ամերիկյան կիսահաղորդչային ընկերության աշխատակից Մեհդի Սադեղին մեղադրվել են ԱՄՆ արտահանման օրենսդրության խախտման մեջ։

Ըստ Նիլիի՝ Աբեդինիի կալանավորումը «անօրինական գործողություն է, որն իրականացվել է ԱՄՆ վարչակազմի պահանջով եւ Իրանի քաղաքացիներին պատանդ պահելու երկրի քաղաքական եւ թշնամական նպատակներին համապատասխան»։

Նա ավելացրել է, որ «այդ քայլը ոչ միայն վնասում է Իրանի եւ Իտալիայի երկարամյա հարաբերություններին, այլեւ հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին ու չափանիշներին, այդ թվում՝ մարդու իրավունքների ոլորտում եւ կարող է կամայական կալանքի ձեւ լինել»։

Նա կոչ է արել Իտալիային մերժել «պատանդներ վերցնելու» ԱՄՆ քաղաքականությունը, որը հակասում է միջազգային իրավունքին, հատկապես մարդու իրավունքներին, հող նախապատրաստել Աբեդինիի շուտափույթ ազատ արձակման համար եւ թույլ չտալ, որ ԱՄՆ-ը վնասի Թեհրանի եւ Հռոմի միջեւ երկկողմ հարաբերություններին։

ԱՄՆ դատական ​​իշխանությունները հայտարարել են, որ նշված անձանց կողմից Իրան ուղարկված տեխնիկան օգտագործվել է 2024թ. հունվարի 28-ին Հորդանանում անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ, որի հետեւանքով զոհվել է երեք ամերիկացի զինվոր, եւս 47-ը վիրավորվել է։ Աբեդինին, որն ապրում է ինչպես Շվեյցարիայում, այնպես էլ Իրանում, ձերբակալվել է Միլանում՝ ԱՄՆ վարչակազմի պահանջով։

Սադեղին ամերիկյան քաղաքացիություն ունեցող իրանցի է, որն ապրում է Մասաչուսեթսում։