Դաշնային քննիչները ռումբերի պատրաստման նյութեր են հայտնաբերել Տեխասում, այն մարդու տան խուզարկման ժամանակ, որը պատասխանատու է բեռնատարի մահացու վրաերթի համար Բուրբոն սթրիթում (Նոր Օռլեան), տեղեկացրել է CBS News-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։
42-ամյա Շամսուդ-Դին Ջաբարը ապրում էր Հյուսթոնում։
«Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են քիմիական նյութեր, ֆիլտրեր, ջերմաչափեր եւ շատ այլ իրեր, որոնք օգտագործվում են ինքնաշեն պայթուցիկ նյութերի արտադրության մեջ»,- ասել է իրավապահ մարմինների աշխատակից եւ «Սակրավորների ջոկատը» գրքի հեղինակ Ռիչարդ Էսպոզիտոն։
Նա հայտնել է, որ տանը հայտնաբերված քիմիական նյութերի մեջ կան նաեւ մի քանիսը, որոնք օգտագործվել են հզոր պայթուցիկ նյութ պատրաստելու համար։ Պաշտոնյաները պնդում են, որ Ջաբարը Հյուսթոնից Նոր Օռլեան է եկել վարձված պիկապ բեռնատարով եւ Նոր տարվա գիշերը ժամը 3-ին մոտ մխրճվել ամբոխի մեջ՝ սպանելով 14 մարդու եւ վիրավորելով տասնյակ մարդկանց:
Պաշտոնատար անձինք հայտնել են, որ նրա վրա կրակել են ոստիկանները: Այս հարձակումը հետաքննվում է որպես ահաբեկչական գործողություն։
Ջաբարը երկու ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրել Բուրբոն-սթրիթի երկայնքով, հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ՀԴԲ հակահետախուզության վարչության փոխտնօրեն Քրիստոֆեր Ռայան։
Ռայան պատմել է, որ սարքերը հայտնաբերվել են սառնարաններում եւ այդ պահին ակտիվ են եղել, սակայն իրավապահները վնասազերծել են դրանք։ Հետաքննությանը ծանոթ աղբյուրը CBS News-ին հայտնել է, որ սարքերը ինքնաշեն ռումբեր են եղել, որոնք պարունակում են մեխեր, պտուտակներ եւ կոճգամներ: Ինչպես CBS News-ին հայտնել են հետաքննությանը ծանոթ երկու աղբյուրները, հարձակման պահին Ջաբարը զրահաբաճկոն է ունեցել։ Նա ունեցել է նաեւ երկու տեսակի զենք, որոնք իրավապահ մարմինների աղբյուրները բնութագրել են որպես AR-15 տիպի զենք եւ ինքնաձիգ։
Քննիչները խուզարկել են նաեւ Airbnb հյուրանոցը, որտեղ Ջաբարը հանգրվանել է Նոր Օռլեանում, եւ չորեքշաբթի կեսօրին գտել են նյութեր, որոնք, ըստ նրանց, կապված են նրա հետ։ Շենքը հրդեհվել է չորեքշաբթի առավոտյան։ Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի եւ պայթուցիկ նյութերի դեմ պայքարի բյուրոն ուրբաթ օրը հայտարարել է, որ, իր կարծիքով, Ջաբարը փոքր հրդեհ է հրահրել միջանցքում եւ «հրկիզիչ նյութեր տեղադրել տան ողջ տարածքում՝ փորձելով ոչնչացնել դրանք եւ իր հանցագործության այլ ապացույցներ»։
Հինգշաբթի օրը Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության կոմիտեն եւ Կոնգրեսի այլ անդամներ տեղեկություն են ստացել ՀԴԲ հետաքննության մասին։
Հետաքննությունների դաշնային բյուրոն հաստատել է, որ գործակալությունը որեւէ ապացույց չի գտել, որ Ջաբարը որեւէ հանցակից է ունեցել կամ ղեկավարվել է օտարերկրյա ակտորի կամ ահաբեկչական կազմակերպության կողմից, սակայն ասել է, որ հարձակումը ոգեշնչվել է ԻՊ-ի կողմից, CBS News-ին ասել է կոմիտեի ներկայացուցիչը։
Ինչպես հինգշաբթի օրը հայտնել է ՀԴԲ-ն, մահաբեր հարձակումից քիչ առաջ Ջաբարը հրապարակել է տեսանյութեր, որոնցում նա հայտարարել է ԻՊ-ին աջակցելու մասին եւ իր մեքենայի կցորդիչին ամրացրել է ԻՊ դրոշը։





























