Երկու մարդ ձերբակալվել է այն բանից հետո, երբ ֆրանսիական ոստիկանությունը Հավրի նավահանգստում առգրավել է 130 մլն եվրո արժողությամբ ավելի քան 2 տոննա կոկաին, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Ֆրանսիան եւ եվրոպական մյուս երկրների կառավարությունները փորձում են պայքարել թմրավաճառների հանցախմբերի եւ մահացու ելքով փոխհրաձգությունների դեմ, որոնք հաճախ տեղի են ունենում հանցախմբերի միջեւ կատարվող քաշքշուկների հետեւանքով։

Անցած տարի Եվրամիությունը եվրոպական նավահանգստային իշխանությունների հետ համատեղ պայքար սկսեց թմրանյութերի մաքսանենգության դեմ խոշոր նավահանգստային քաղաքներում։

Ֆրանսիայի նոր վարչապետ Ֆրանսուա Բայրուն եւ ներքին գործերի նախարար Բրունո Ռեթայլոն եւս խոստացել են խստացնել պայքարը թմրահանցախմբերի եւ առհասարակ հանցավորության դեմ։

«Մենք օրեցօր ուժեղացնում ենք մեր պայքարը թմրավաճառության դեմ մեր գործակալների բացառիկ աշխատանքի շնորհիվ»,- ասել է Ռեթայլոն X սոցցանցում՝ շնորհավորելով ֆրանսիական ոստիկանությանը Հավրի գործողության համար։