ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է, որ երկրի կենտրոնական հատվածում առաջացած ձյունամրրիկն առաջիկա օրերին կշարժվի դեպի արևելք։
Սպասվում են ռեկորդային ձյան տեղումներ և ցածր ջերմաստիճան, հաղորդում է BBC-ն։ Նույնիսկ հարավային նահանգներում, ինչպիսիք են Միսիսիպին և Ֆլորիդային, սպասում են վտանգավոր եղանակային պայմանների: Օդերևութաբանները դա կապում են բևեռային պտտահողմի հետ:
Կենտրոնական նահանգներում կանխատեսվում է «առօրյա կյանքի նկատելի խախտումներ» և վտանգավոր ճանապարհային պայմաններ։ Կանզասի և Ինդիանայի որոշ շրջաններում կարող է մինչև 20 սմ ձյուն տեղալ։
Միջին Արևմուտքում սպասվում է բուք, որոշ նահանգներում՝ մերկասառույց: Արևելյան ափը նույնպես պատրաստվում է ձնառատ եղանակի։
Ավիաընկերությունները հրաժարվում են չվերթի փոփոխման վճարներից՝ հնարավոր խափանումների պատճառով։ Թեև երկուշաբթի տեղումները պետք է ավարտվեն, սակայն երեքշաբթի օրվա ցածր ջերմաստիճանը կարող է լրացուցիչ խնդիրներ առաջացնել։
Այս տարի ԱՄՆ-ում առաջին զգալի ձմեռային փոթորիկը սպասվում է 25 նահանգում և կարող է վնաս պատճառել մոտ 60 միլիոն մարդու, հաղորդում է Ամերիկայի ձայնը։ Ակնկալվում է, որ Կանզասում, Միսսուրիում, Իլինոյսում և Ինդիանայում կտեղա վերջին տարիների ամենաառատ ձյունը:
Ձմեռային խոշոր փոթորիկը կարող է հարվածել ԱՄՆ 25 նահանգի՝ իր հետ բերելով ձյան, սառույցի և ձնաբքի հզոր համակցություն, որը կուղեկցվի մինչև 65 կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներով: Փոթորիկը ճանապարհորդության համար վտանգավոր պայմաններ կստեղծի և կարող է նաև մեծ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումներ առաջացնել: Ուժեղ ձնաբուքը պոռթկուն քամու զուգակցմամբ կարող է սպիտակ մառախուղ առաջացնել, ինչը ծայրահեղ վտանգավոր իրավիճակ կստեղծի ճանապարհային երթևեկության համար:





























