Երկուշաբթի Բաքվում սկսվել է Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի դատավարությունը։ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են լրտեսության մեջ։ Հաղորդվում է, որ Ռայանը «մասամբ ընդունել է մեղքը»: Նրան կարող է սպառնալ 10-ից 15 տարվա ազատազրկում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Մարտին Ռայանը ձերբակալվել է 2023 թվականի դեկտեմբերին։ Նա ղեկավարել է Merkorama առևտրային ընկերությունը, որը Բաքվում գործում է 2020 թվականից։ Ընկերությունը նաև խորհրդատվություն է տրամադրել արտասահմանյան այլ ընկերություններին Ադրբեջանում արտահանման և բիզնես վարելու հարցերի վերաբերյալ։
Ըստ մեղադրող կողմի՝ Ռայանը գաղտնի տեղեկություններ է հավաքել Թուրքիայի, Իրանի և Պակիստանի հետ Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին, ինչպես նաև հավաքագրել է ադրբեջանցիներին՝ ֆրանսիական հետախուզության հետ համագործակցելու համար։ Ինքը՝ Ռայանը, խոստովանել է, որ կատարել է իրեն վերագրվող գործողությունները, սակայն դա արել է ակամա և չգիտեր, որ դրանք կարող են հանցավոր համարվել։ Նրա փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալին խաբել են ֆրանսիական հետախուզական ծառայությունները:
Ռայանի հետ գործին ներգրավված է պետական դավաճանության մեջ մեղադրվող ադրբեջանցի Ազադ Մամեդին։ Դատարանում նա չի ընդունել մեղքը։
Իրավապաշտպանները Ռայանի և Մամեդիի գործը համարում են քաղաքականացված, նշում է «Կավկազսկիյ ուզել»-ը։
Բաքվում սկսվել է լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու դատավարությունը

Հասանելի է
русский



























