Երեկ՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բազմաբնակարանային շենքերից մեկի բնակարանում տղամարդը սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով ձեռքի դաստակները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ժամանել է նաև փրկարար-հոգեբանը:

Ահազանգով ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Տեղում փրկարար-հոգեբանին ու ՊԾ պարեկին հաջողվել է արդեն ձեռքերի դաստակի մի հատվածում ինքնավնասում կատարած տղամարդուն համոզել, որպեսզի նա չշարունակի դիմել այդ ծայրահեղ քայլին:

Մինչ շտապօգնության բժիշկները մշակում էին նրա ձեռքի վերքերը, փրկարար հոգեբանը տեղում հոգեբանական աջակցություն է ցուցաբերել տան 2 կին անդամներին:

Կայքի տեղեկություններով՝ այդ տղամարդը Երևանի բնակիչ 65-ամյա Գ. Գ.-ն է: