Նման տեղեկատվության չեմ տիրապետում, թե արդյոք Բաղանիս–Ոսկեպար հատվածի սահմանազատմամբ գույքային մասնավոր սեփականության փոփոխություն լինելու է, թե ոչ: Այս մասին, այսօր՝ հունվարի 7-ին, մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:
«Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին այն իմաստով, որ շերտերի կառուցակարգը սահմանված է կառավարության որոշմամբ: Կադաստրային քարտեզների սխալների մասին մենք խոսել ենք բազմաթիվ անգամներ և 2021-ին քարտեզների ուղղման կառավարության որոշումը հենց բխում էր այն գաղափարից, որ մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ քարտեզների մեջ առկա են բազմաթիվ խնդիրներ։
Մենք ունենք, օրինակ, համայնքներ, որոնք մի քանի հարյուր մետր վերադրվում են իրենց վարչական սահմաններով։ Սա հետևանքն է նրա, որ երբ, օրինակի համար, մեկ համայնքի բնակավայրի քարտեզ ստեղծվել է մեկ մասնագիտական խմբի կողմից և վարվել է մեկ համակարգչի մեջ, երկրորդ քարտեզը ստեղծվել է երկրորդ մասնագիտական խմբի կողմից և վարվել է երկրորդ համակարգչի մեջ: Սա վարվել է տարիներ շարունակ և մենք ունեցել ենք բազմաթիվ պրոբլեմներ։ Սա չի վերաբերում միայն սահմանամերձ բնակավայրերին, այլ նաև հանրապետության ներսում բնակավայրերի միջև սահմաններին»,-ասաց նա:




























