Ամենայն հավանականությամբ` Հայաստանը հաջորդ տարվա ընթացքում բարձր մակարդակով Եվրամիության հետ կսկսի Ասոցացված համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 16-ին, Երեւանում, դոնոր կազմակերպությունների հետ Հայաստանի պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի (CIB) քննարկման ընթացքում, հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նա նշեց, որ համաձայնագրին նախապատրաստվելու աշխատանքներն ընթացել են շատ արագ, Հայաստանն իրականացրել է մի շարք օրենսդրական եւ կառուցվածքային բարեփոխումներ:

Նշենք, որ 2008 թ. դեկտեմբերի 3-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Եվրոպական Հանձնաժողովն առաջարկ է ներկայացրել նոր Արեւելյան գործընկերության վերաբերյալ, որը փոփոխության է ենթարկելու Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ունեցած Եվրոպական միության արտաքին հարաբերությունները: Այս գործընկերությունը ենթադրում է քաղաքական ինտեգրման ավելի բարձր աստիճան, որն իր մեջ ներառելու է նաեւ ասոցացված պայմանագրերի կնքման նոր հնարավորություններ, ինչպես նաեւ Եվրոպական Միության տնտեսության մեջ ներգրավվելու հեռանկարային նպատակներ: Այս գործընկերության շրջանակներում ԵՄ-ի հարեւան երկրներին տրամադրվելու է առավել մեծ ֆինանսական օժանդակություն:

Ասոցացված համաձայնագիրը ներառում է ազատ առեւտրի համապարփակ պայմանագիրը: Իսկ պետական կառավարման մարմինների բարեփոխումների նպատակով Եվրամիությունը 2011-13 թ.թ. Հայաստանին տրամադրելու է 32 մլն եվրո: