Մենք որևէ առանձին բուհերի միավորման հարց չենք քննարկում: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կազմակերպված 2024 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Բրյուսովի, Մանկակավարժական համալսարանների եւ Ֆիզկուլտ ինստիտուտի միավորման որոշումից հետո հարցը կարծես առկախված է մնացել:

«Կրթության զարգացման պետական ծրագրով ինչպես սահմանված է, մեզ համար կարևոր բարեփոխման ուղղություն է բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման գործընթացը: Մենք դրան շատ լուրջ ենք վերաբերում։ Արդեն 2024 թվականի մարտից ձևավորված են աշխատանքային խմբեր, որտեղ ներառված են բոլոր շահագրգիռ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչները: Մենք գնացել ենք այն ճանապարհով, որ յուրաքանչյուր ուղղության համար ներգրավենք նաև միջազգային հեղինակավոր համալսարան, և այս պահին երեք գործընկեր համալսարան ունենք, ամեն ուղղության համար: Լոնդոնի արվեստների համալսարան, արվեստների ուղղության, կրթության ուղղությամբ Լոնդոնի համալսարանական քոլեջն է և տեխնոլոգիական ուղղությամբ Մյունխենի տեխնիկական համալսարանն է: Բավական երկար բովանդակային աշխատանք պետք է արվի, առաջին հերթին մեր պատկերացրած խոշորացված բուհերի հայեցակարգերի մշակման ուղղությամբ։

Հետևաբար ձեր հարցը համարվում եմ այս պահին ժամանակավոր, մենք որևէ առանձին բուհերի միավորման ծրագիր, որոշման նախագիծ չենք քննարկում և չենք քննարկելու, որովհետև սա մեզ համար ամբողջական բարեփոխման պրոցես է»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով ակադեմիական քաղաքի ծրագրին, Ժաննա Անդրեասյանն ասաց. «Սա շատ խոշոր ծրագիր է, և բնականաբար այդ ծրագիրը պահանջելու է ֆինանսական լուրջ ներդրումներ։ Այս պահին նաև ակադեմիական քաղաք ծրագրի ներդրումային ծրագիրն է կազմվում, որը հնարավորություն է տալիս տալու նաև գործընկերներ ներգրավել տարբեր ուղղություններով։

Պետք է ասեմ, որ շատ մեծ հետաքրքրվածություն կա, և մենք այս բոլոր աշխատանքներին շատ լուրջ ենք վերաբերում: Օրինակ, նույն ներդրումային ծրագրի մշակման համար նույնպես խորհրդատվական փորձառու կազմակերպության հետ կաշխատենք, որպեսզի թե՛ ֆինանսական գնահատականների տեսանկյունից, թե՛ տնտեսական արդյունավետության տեսանկյունից ունենանք հստակ միջազգային ստանդարտներին համապատասխան գնահատական, որն էլ թույլ կտա վստահելի գործընկերների ներգրավմամբ ծրագրի ամբողջական իրականացումը առաջ տանել։

Այս հարցը բնականաբար ամենակարևոր հարցերից մեկն է, և քանի դեռ ընթանում են մյուս նախապատրաստական աշխատանքները, զուգահեռաբար նաև սա մեր օրակարգում է»,- ընդգծեց ԿԳՄՍ նախարարը: