Կարծում եմ, որ իմ հանդեպ վստահության կամ անվստահության հարցը դրսևորվում է իմ դեռևս պաշտոնավարմամբ կամ չպաշտոնավարմամբ, հետևաբար այդ իմաստով ձեր հարցը ուղղակի ոչ տեղին եմ համարում ու կարծում եմ, որ այդ հարցը ինձ չպիտի ուղղեք: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կազմակերպված 2024 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը բազմաթիվ հավաքներ է իրականացնում «Կրթվելը նորաձեւ է» նշանաբանով եւ կարծես հանրությանը կրթելու գործընթացը վերցրել է իր ձեռքը, արդյո՞ք նախարարին ձեր չեն վստահում այլևս կրթության ու կրթելու գործընթացում:

«Ինչ վերաբերում է կրթության քարոզին, ես ընդհանուր առումով որպես կրթության ոլորտի լիազոր մարմնի պատասխանատու, ես կարծում եմ, որ մենք պետք է խրախուսենք և ողջունենք ցանկացած նախաձեռնություն, որը ուղղում է մեր քաղաքացիներին կրթվելու։

Հետևաբար կարծում եմ, որ որևէ առիթ չպետք է բաց թողնենք, եթե կրթության մասին խոսք է, ինչքան շատ խոսենք, այնքան ավելի լավ և ինչքան շատ լինեն միջավայրերը, որտեղ կարող են մարդիկ խոսեն կրթության մասին, ինչքան շատ լինեն միջավայրերը, որտեղ մարդիկ կարող են ինքնաքննադատաբար նայել իրենց գիտելիքի պակասին, հասկանալ, թե որ ուղղությու ներով է իրենց հմտությունների լրացման կարիքը, այնքան ավելի մեր հանրության զարգացման համար բարենպաստ միջավայր կստանանք: Որովհետև մեր ամենամեծ խնդիրներից մեկը այն է, որ շատերը հաճախ մտածում են, որ ինչ-որ մի պահի իրենց սովորելու գործընթացը ավարտել են, իրենք ամեն ինչ գիտեն և այլևս ոչինչ չունեն անելու։ Սա ամենամեծ մտայնությունն է, որի մեջ հայտնվելու վտանգը երևի յուրաքանչյուրս ունի, ու շատ կարևոր է, որ անընդհատ կանգ առնենք և ինքներս մեզ հարց տանք, թե ինչ չգիտեմ, ինչն է, որ կարիք ունեմ բարելավելու, լավարկելու, ինքս իմ վրա աշխատելու։

Իհարկե, այս գործընթացը այդ իմաստով միայն օգնում է կրթական համակարգի աշխատանքին, որովհետև սա նաև մի բան է, որը մենք անում ենք ոչ թե իբրև ուղղակի նախաձեռնություն, այլ անում ենք մի բան, որը մեր ուղիղ աշխատանքն է»,-ասաց Անդրեասյանը: