Այսօր՝ հունվարի 8-ին, արտակարգ դեպք, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:25-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Թաթուլ Մ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 24.9 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, բախվել է ճանապարհի մեջտեղում հայտնված խոշոր եղջերավոր անասունին, ապա կորցրել ավտոմեքենայի կառավարումը, բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին և կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտուց դուրս, հաղորդում է Shamshyan.com_ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատկակիցները և ըստ հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Հարվածի հետևանքով խոշոր եղջերավոր անասունը սատկել է:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհը սպասարկող ճանշինի աշխատակիցները, ովքեր քաղաքացիների ու պարեկների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան, ապա ճանապարհից հեռացրել երկաթե արգելապատնեշը:

Պարեկային ծառայությունը պարզում է խոշոր եղջերավոր անասունի սեփականատիրոջ ինքնությունը: