Ադրբեջանը ձեռք է բերում հարձակողական զենք, Հայաստանը նույնպես զենք է գնում, բայց ավելի քիչ քանակությամբ, քան Ադրբեջանը։ Այս մասին հունվարի 8-ին 2024թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Զենք գնելը բոլորի ինքնիշխան իրավունքն է։ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է նաեւ պաշտպանել իր սահմանները։

Բայց եթե նույնիսկ մտահոգություններ կան, հայտնի է, որ մենք ճանաչում ենք մեր հարեւանների տարածքային ամբողջականությունը, եւ ակնկալում ենք, որ մեր հարեւանները կճանաչեն մեր տարածքային ամբողջականությունը։ Մենք հայտարարել ենք, որ մեր հարեւանների դեմ ռազմական գործողություն իրականացնելու մտադրություն չունենք։ Մենք ակնկալում ենք, որ մեր հարեւանները նույն վարքագիծը դրսեւորեն մեր նկատմամբ։ Միաժամանակ մենք բարեփոխում ենք մեր բանակը, եւ այս բարեփոխման բաղադրիչներից մեկը զենքի գնումն է։

Մեզ մտահոգում է հարձակում իրականացնելու Ադրբեջանի հնարավոր մտադրությունը։ Մենք բազմիցս տեսել ենք, որ այդ զենքերն օգտագործվում են Հայաստանի դեմ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու նպատակով։

Հայաստանը ձեռք է բերել եւ շարունակելու է զենք ձեռք բերել բացառապես պաշտպանական նպատակներով։

Ադրբեջանը օկուպացրել է ավելի քան 200 քառակուսի կիլոմետր հայկական տարածք, եւ նույնիսկ այս դեպքում մենք չենք պատրաստվում ռազմական ճանապարհ դիտարկել, այլ մտադիր ենք այդ հարցը դիտարկել որպես սահմանազատման գործընթացի մաս։

Մենք չենք պատրաստվում հետ ուղարկել գնված զենքերը, բայց եթե Ադրբեջանի մտադրություններն անկեղծ են, ապա մենք Ադրբեջանին առաջարկել ենք ստեղծել սպառազինությունների վերահսկման մեխանիզմ։ Սակայն, ինչպես մյուս կառուցողական առաջարկները, այս առաջարկը նույնպես դրական արձագանք չի գտել»,- ավելացրել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը։

Նա նաեւ անդրադարձել է ԱՄՆ-ի հետ հարաբբերություններին՝ հավաստիացնելով, որ դրանք կրում են ռազմավարական բնույթ։

«Միացյալ Նահանգների հետ ռազմավարական երկխոսություն է հաստատվել, եւ մենք պայմանավորվել ենք դրանք բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Քննարկումներ են ընթանում, հանդիպումներ են նախատեսվում համապատասխան փաստաթղթի ստորագրման շուրջ»,- եզրափակել է Միրզոյանը։