Ես արդեն ասել եմ, որ Հայաստանն առաջադրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, եւ մենք հետեւողական ենք հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկն է պահանջում, այլ մենք, առաջին հերթին, որովհետեւ մենք շահագրգռված ենք դրանում։ Այս մասին 2024թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հունվարի 8-ին հայտնել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ինչպես մյուս երկրները ցանկանում են օգտագործել Հայաստանի տարածքը տարանցման համար, այնպես էլ Հայաստանը կօգտագործի հարեւան երկրների տարածքները տարանցման համար»,- ընդգծել է նախարարը։

Անդրադառնալով Ալիեւի հայտարարություններին՝ արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը խոչընդոտ չի հանդիսանա։

«Մենք ապրում ենք 21-րդ դարում, եւ բոլոր երկրները ցանկանում են առեւտուր անել եւ շփվել այլ երկրների հետ, դա բխում է նրանց կենսական շահերից։ Մենք ուզում ենք կամուրջ լինել հարեւանների միջեւ, ուզում ենք լինել ոչ թե սեպ, ոչ թե բաժանարար, այլ կապող օղակ: Եթե ​​հարգվի Հայաստանի ինքնիշխանությունը ենթակառուցվածքների նկատմամբ, այդ թվում՝ անվտանգության բաղադրիչի մասով, մենք ոչ միայն դեմ չենք, այլ նաեւ շահագրգռված ենք։

Ընդ որում՝ մենք դեմ ենք այն հայեցակարգին, որը կիրառվում է (Զանգեզուրի միջանցք- խմբ.)»,- ավելացրել է Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Ալիեւը հունվարի 7-ին ասել էր, որ Հայաստանը չպետք է «աշխարհագրական պատնեշ լինի» Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ՝ կրկին սպառնալով բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը». «Մենք՝ Ադրբեջանը, վտանգի աղբյուր չենք հանդիսանում» նրանց համար։ Մենք խաղաղություն եւ համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում, եւ թող մեզ չխանգարեն։ Նրանք չպետք է աշխարհագրական պատնեշ լինեն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։ Զանգեզուրի միջանցքը պետք է եւ բաց կլինի։ Ինչքան շուտ հասկանան սա, այնքան լավ»։