Հունվարի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։

«Խոր ցավակցություն հայտնելով ավիավթարի կապակցությամբ՝ նա հույս է հայտնել, որ ավիավթարի բոլոր պատճառները մանրակրկիտ կհետաքննվեն։

Նշելով, որ Ադրբեջանը Եվրամիության կարևոր գործընկերն է, հյուրն ընդգծել է, որ ԵՄ-ն շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն կայունության ապահովմամբ։

Անդրադառնալով մեր երկրի կարևորությանը տարածաշրջանի համատեքստում և դրանից դուրս՝ Մագդալենա Գրոնոն այս առումով ընդգծել է Եվրամիության և Ադրբեջանի միջև երկխոսության կարևորությունը։ Հյուրն ասել է, որ Ադրբեջանը զգալի ներդրում ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում և կարևորել համագործակցությունը, մասնավորապես, էներգետիկ ոլորտում։

Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցությունը հարուստ պատմություն ունի։ Այս համատեքստում բարձրացվել են էներգետիկայի, տրանսպորտի, ներդրումների, առևտրի և Ադրբեջանի և Եվրամիության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներին առնչվող հարցեր»,- հայտնում է ԱՊԱ-ն։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը «կշարունակի ջանքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար և նշել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացն ընթանում է երկկողմ հարթությունում»։

Սակայն Ադրբեջանի նախագահը, ըստ երեւույթին, հյուրին չի ասել Հայաստանի հասցեին իր վերջին սպառնալիքների մասին։

Հանդիպմանն ընդգծվել է Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության զարգացման համար շփումների շարունակական նշանակությունը, գրում է ԱՊԱ-ն։