Չորեքշաբթի օրը դատախազները դատավորից կխնդրեն 6 տարվա ազատազրկման դատապարտել ՀԴԲ նախկին տեղեկատու Ալեքսանդր Սմիրնովին, որի կեղծ պատմությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա որդին՝ Հանթերը, կաշառք են ստացել, առանցքային է դարձել հանրապետականների կողմից իմպիչմենթի գործընթաց սկսելուփորձի համար՝ գրում է Associated Press-ը։

Սմիրնովին մեղադրանք կառաջադրվի Լոս Անջելեսի դաշնային դատարանում․ անցյալ ամիս նա մեղավոր է ճանաչվել վճարումներից խուսափելու և ՀԴԲ-ին  կաշառակերության սխեմայի մասին կեղծ տեղեկատվություն տալու մեջ, որը, ըստ դատախազների, ուղղված էր 2020թ․ նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելուն:

ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքացի Սմիրնովը կեղծ պնդում է արել ՀԴԲ-ի ղեկավարին, որ ուկրաինական Burisma էներգետիկ ընկերության ղեկավարները 2015-ին 5 միլիոն դոլար են վճարել այն ժամանակ փոխնախագահ Բայդենին և նրա որդուն:

Դատախազների խոսքով՝ Սմիրնովի՝ 2020թ․ հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ նա «կողմնակալություն» է հայտնել Ջո Բայդենի նկատմամբ՝ որպես նախագահի թեկնածուի: Փաստորեն, քննիչները պարզել են, որ Սմիրնովը Burisma-ի հետ ունեցել է միայն սովորական բիզնես հարաբերություններ՝ սկսած 2017 թվականից՝ այն բանից հետո, երբ Բայդենը ստանձնեց փոխնախագահի պաշտոնը:

Դատախազները նշել են, որ Սմիրնովի կեղծ հայտարարությունը «բուռն փոթորիկ առաջացրեց Կոնգրեսում», երբ այն հայտնվեց տարիներ անց՝ որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ 2020 թ․ հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ պայքարում հաղթանակ տարած դեմոկրատ Բայդենի իմպիչմենթի հետաքննության մաս: Բայդենի վարչակազմը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իմպիչմենթի փորձը որակել է որպես «խաբեություն»:

Մինչ Սմիրնովի ձերբակալությունը հանրապետականները պահանջել են ՀԴԲ-ից հրապարակել չստուգված մեղադրանքները հաստատող փաստաթղթեր և ընդունել, որ չեն կարող հաստատել դրանց իսկությունը։