«Ինտերֆաքսի» հաղորդմամբ՝ արտակարգ իրավիճակ է հայտարարվել Ռուսաստանի Էնգելս քաղաքում (Սարատովի մարզ), որտեղ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել արդյունաբերական ձեռնարկության տարածքում։

« ԱԹՍ-ի հարձակման  ենթարկված արդյունաբերական ձեռնարկության տարածքում հրդեհի մակերեսի մեծացման կապակցությամբ, Էնգելսում կհայտարարվի արտակարգ իրավիճակ»,- չորեքշաբթի օրը իր Telegram ալիքում հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Ռոման Բուսարգինը։

«Ցավոք, հրդեհի մարման արդյունքում կա երկու զոհ՝ ԱԻՆ հրշեջ ծառայության աշխատակիցներ: Նաև մեկ մասնագետ հոսպիտալացվել է: Առողջապահության նախարարին հանձնարարվել է բժշկական օգնության ցուցաբերումը պահել հատուկ վերահսկողության տակ»,- գրել է նահանգապետը:

Նրա խոսքով՝ ամբողջ օրվա ընթացքում Էնգելսում հրդեհի վայրում օդի նմուշներ են վերցնում Ռոսպոտրեբնադզորի վարչության մասնագետները: Աղտոտող նյութերի գերազանցում չի արձանագրվել:

Նախորդ օրը Բուսարգինը հայտնել էր Սարատովի և Էնգելսի վրա ԱԹՍ-ների հարձակման, Էնգելսի վրա դրոնների ոչնչացման և քաղաքում արդյունաբերական օբյեկտի վրա բեկորների ընկնելու մասին: Նա նշել էր, որ նախնական տվյալներով՝ հարձակման ժամանակ ոչ ոք չի տուժել: ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ բռնկված ձեռնարկությունում գործում է օպերատիվ շտաբ:

Սարատովի օդանավակայանում սահմանափակումներ էին մտցվել օդանավերի ընդունման և թռիչքների համար: