Սիրիայի ճգնաժամի այս հանգուցալուծումը Թուրքիայի համար բերեց մի նոր խնդիր, քանի որ քրդական զինված ստորաբաժանումները շարունակում են իրենց գոյությունը քրդաբնակ հատվածներում, ինչը Թուրքիայի համար գլխավոր ու ամենամեծ գլխացավանքն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
«Թուրքիան երկար ժամանակ ինչ-ինչ ձեւերով փորձում էր հասնել քրդական այդ ուժերի մասնատմանը, պառակտմանը, զինաթափմանը, սակայն շատ բացահայտ այդ ուժերին աջակցում է Արեւմուտքը: Նրանք թե հրահանգիչներով, թե զենք-զինամթերքով ապահովված են: Ներկա սիրիական իրականության մեջ միակ զինված, կանոնավոր զորք ունեցող եւ արդեն կազմակերպված ինքնավարության պես կառույց ունեն միայն քրդերը»,-ասաց նա:
Անդրադառնալով Սիրիա թուրքական զորքեր մտցնելու հավանականությանը, Իսպիրյանն ասաց. «Հիշենք մենք այլ նախադեպ, որտեղ նույնպես քրդական գործոնն առկա էր, դա Իրաքն էր: Հյուսիսային Իրաքում եւս առաջացավ քրդական ինքնավարություն, սակայն Թուրքիան լայնածավալ ռազմական գործղություններ չի սկսել: Իհարկե, իրականացնում է տեղային հատվածային գործողություններ այդտեղ PKK-ի զինված կետերի դեմ: Այս պարագայում դժվար է ասել, որ Թուրքիան միանգամից գործողություն կսկսի, քանի որ քրդերն աջակցություն են ստանում Արեւմուտքից ու Իսրայելից: Քրդերի զինված մնալը ձեռնտու է թե Արեւմուտքին, թե Իսրայելին, որովհետեւ եթե քրդական գործոնը կորցնի իր ազդեցությունը, Թուրքիայի նկատմամբ լծակներ չեն լինի, ինչը Թուրքիային ավելի անվերահսկելի կդարձնի տարածաշրջանում»,- ընդգծեց Իսպիրյանը:
Նրա խոսքով, Սիրիայում քրդական գործոնը ոչ միան լծակ է Թուրքիայի դեմ, այլեւ Սիրիայում նոր իշխանությունների՝ վերահսկողությունից դուրս գալու դեպքում հավանական նոր ըմբոստության օջախի կենտրոն կլինի:
Թուրքագետը բացառեց, որ Թրամփը ամբողջովին կվստահի Թուրքիային. «Ամեն ինչ բխելու է ԱՄՆ-ի շահերից, ոչ թե այս կամ այն երկրի նախագահի հասցեին Թրամփի գեղեցիկ խոսքերից, այդ թվում Էրդողանի, Պուտինի կամ Կիմ Չեն Ընի: Նրա հայտարարությունները ռեալ քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն»:
Խոսելով Իսրայել-Թուրքիա առերեւույթ հակասության մասին, Անդրանիկ Իսպիրյանը նկատեց, որ դա մշտապես եղել է 2003-ից հետո. «Այս 20 տարում մենք տեսնում ենք քրդական ուժերի ակտիվացումներ այն ժամանակ, երբ Թուրքիան սկսում է Իսրայելի նկատմամբ բավականին վիրավորական արտահայտությունների շարքը: Այս պարագայում Իսրայելի այս քաղաքականությունը դեռեւս ակտուալ է»,-ասաց նա:



























