Ոչ միայն Հայաստանը ձեռք է բերել «Արմսաթ-1» արբանյակը, այլեւ այդ բյուջեի շրջանակներում կառուցվել է երկրային կայանը՝ Ground Station-ը, որը ոչ միայն ծառայում է և ծառայելու է «Արմսաթ-1»-ին, այլ ընդհանրապես բոլոր այն արբանյակներին, որոնք ժամանակի ընթացքում Հայաստանը ձեռք կբերի, իսկ ապագայում նաև կկառուցի: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Արմսաթ-1» արբանյակի կողմից մեծ ծավալի լուսանկարահանումներ են իրականացվել վերջին երկու տարիների ընթացքում: Թե դրանք ինչ նպատակով են օգտագործվել, այդ հարցին չեմ պատասխանի ո՛չ հիմա, ո՛չ ապագայում: Հետեւաբար, պատեհ չեմ համարում արձագանքել իսպանական ընկերության գործընկերներին, ես վերջերս մեկ առիթով արդեն իսկ խոսել եմ այդ մասին, ինչ-որ իմաստով հռետորական հարցադրում բարձրացնելով, թե ընդհանրապես ինչու պետք է իսպանական արբանյակը Հայաստանին վաճառած ընկերության ներկայացուցիչները տեղեկացված լինեն, թե դրանք ի՞նչ նպատակով են օգտագործվում, մի հատ էլ հայկական ԶԼՄ-ներին հարցազրույցներ տան և ինչ-որ գնահատականներ տան: Հույս ունեմ այսօր վերջին անգամ պետք է հորդորեմ մեր բոլոր գործընկերներին, որ գործընկերային ոգին պահպանեն և բոլորը մնան իրենց մանդատների շրջանակներում
Այդ գործարքը ՀՀ կառավարության և իսպանական ընկերության միջև ենթադրում է, որ պետք է ձեռք բերվի արբանյակ, մասնագետները պետք է վերապատրաստվեն, երկրային կայան պիտի լինի և վերջ: Իսկ թե Հայաստանն ինչպես կօգտագործի և ստացված լուսանկարները ինչ նպատակային նշանակության կուղղվեն, ներողություն եմ խնդրում, բայց դա չի վերաբերում մեր իսպանական ընկերության գործընկերներին ամենևին:
Հույս ունեմ, որ ապագայում, եթե մենք շարունակենք մեր համագործակցությունը գործընկերների հետ, երկկողմ գործընկերային հարաբերությունների տրամաբանությունը կպահպանվի»,-ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ «Արմսաթ-1»-ը ի բնե չէր կարող, մեր երկրի անվտանգության կարիքներից ելնելով, բոլոր խնդիրները հասցեագրել, առավել ևս՝ լուծել, սակայն այն մեզ տվեց լավ հնարավորություն, թե ինչ է տիեզերքը, ինչպես Հայաստանը կարող է իր լրջագույն ներկայությունն ունենալ տարբեր ուղեծիրներում, և ինչպես դրանք կառավարել:
«Արմսաթ-1»-ը, իհարկե, այս հնարավորությունը տվել է, բայց կրկնում եմ՝ «Արմսաթ-1»-ը պարամետրերի առումով այս փուլում չէր կարող մոտ լինել այն պարամետրերով պրոդուկտներին, որոնք աշխարհի խոշորագույն ընկերությունները ստեղծում և վաճառում են առաջատար երկրներին»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:




























