Նիկոլ Փաշինյանին թվում էր, որ կարող է չկատարել նոյեմբերի 9-ի հայտարարության կետը և Արևմուտքի հովանու ներքո ստանալ խաղաղության ծրագիր, որում Ադրբեջանին Սյունիքով ճանապարհ տրամադրելու մասին կետ չի ներառվի։ Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Այդ նպատակով նա զոհաբերեց Արցախը՝ հույս ունենալով, որ դրանից հետո Արևմուտքը կստիպի Ադրբեջանին ստորագրել այս նոր ծրագիրը։ Սակայն դա տեղի չունեցավ»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ այսօր հրադադարի ռեժիմի հաստատման միակ փաստաթուղթը նոյեմբերի 9-ի հայտարարությունն է։

Նա նշել է, որ հայտարարության շատ կետեր այդպես էլ չեն կատարվել, բայց Փաշինյանը պարտավորություն է ստանձնել, և հիմա էլ նրանից պահանջում են կատարել դրանք։

«Փաշինյանը հայտնվել է փակուղում։ Եթե նա հետ վերցնի իր ստորագրությունը, ապա դա  Բաքվին ռազմական գործողություններ սկսելու պատրվակ կտա։ Եթե նա հետ չվերցնի, ապա պետք է կատարի իր պարտավորությունները։ Փաշինյանը հայտնվել է միակողմանի պարտավորությունների առաջ։ Կարծում եմ, որ մենք կարող ենք գնալ նոյեմբերի 9-ի հայտարարությունը փոփոխելու ճանապարհով, որպեսզի պարտավորությունները սկսեն երկկողմանի բնույթ կրել։

Միակ խնդիրն այն է, որ ժամանակ չի մնացել, Ալիևը հանդես է եկել պատերազմի անոնսով։ Բաքվին պատերազմ չսկսելու համար անհրաժեշտ է զսպող միջոց։ Ո՞վ կարող է դա անել: Միջազգային իրավունքն այսօր չի գործում, գործում է միայն ուժի գործոնը։ Այս նախաձեռնությունը պետք է լինի Արևմուտքից, եթե Հայաստանի իշխանությունները համապատասխան ուղղություն բռնեն։ Եթե ոչ, ապա Փաշինյանը պետք է փորձի ընդհանուր լեզու գտնել Ռուսաստանի հետ»,- հավելել է Զուրաբյանը։