Հայաստանը շուտով կարող է հայտնվել Եվրոպական միությանն անդամակցելու ճանապարհին, հայտարարել է երկրի վարչապետը հինգշաբթի օրը՝ Կրեմլի հետ հարաբերություններում աճող լարվածության ֆոնին, որը ժամանակին եղել է նրա հիմնական դաշնակիցներից մեկը, գրում է Politico-ն:
Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայացած կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարությունը կաջակցի խորհրդարան ներկայացված նոր օրինագծին, որը փաստացի կնախաձեռնի հարավկովկասյան երկրի՝ 27 երկրներից բաղկացած բլոկին անդամակցելու դիմումը, նշում է պարբերականը։
Միաժամանակ լրատվամիջոցը պարզաբանում է, որ, ըստ Փաշինյանի, օրինագիծը միայն կնշանակի դիվանագիտական բանակցությունների գործընթացի սկիզբը։
«Օրենքի ընդունումը չի նշանակում, որ Հայաստանը բառացի իմաստով անդամակցում է ԵՄ-ին, քանի որ դա չի կարելի անել օրենքով կամ կառավարության որոշմամբ, դրա մասին որոշումը կարող է կայացվել միայն հանրաքվեի միջոցով»,- ասել է նա։
Մեկ օր առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ երկիրը կարող է «առաջիկա ամիսներին» Բրյուսելի հետ ստորագրել նոր գործընկերության «համապարփակ» ծրագիր, որը կարող է ներառել վիզային ռեժիմի ազատականացում՝ նշում է Politico-ն։
«Հայաստանը պատմականորեն սերտ կապեր է պահպանել Ռուսաստանի հետ, սակայն անցյալ տարի սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ ռազմական դաշինքին՝ մեղադրելով Մոսկվային հարևան Ադրբեջանի հետ հակամարտությունում երկրին չաջակցելու մեջ։ Երևանը նաև մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա և հաստատել, որ կաշխատի ռուսական տնտեսության նկատմամբ ԵՄ պատժամիջոցների պահպանման ուղղությամբ։ Թեև պաշտոնյաները նախկինում ակնարկել են, որ փոքր ժողովրդավարական պետությունը կարող է ձգտել միանալ դաշինքին, այդ հավակնությունները բախվում են լուրջ մարտահրավերների, քանի որ Հայաստանը տնտեսապես մեծապես կախված է Մոսկվայից և նույնիսկ ունի ռուսական ռազմաբազա: Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո Ռուսաստանը դժգոհությամբ արձագանքեց ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտմանը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը, որը նաև Եվրասիական տնտեսական միության անդամ է, չի կարող լինել և՛ Մոսկվայի գլխավորած համագործակցության, և՛ ԵՄ-ի մաս։ Նա հավելել է, որ «իհարկե, Հայաստանի ինքնիշխան իրավունքն է»՝ ձգտել ԵՄ անդամակցությանը, սակայն որոշակի թերահավատությամբ մատնանշել է ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի տասնամյա անհաջող փորձը»,–գրում է լրատվամիջոցը։




























