Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Տեղեկացնում ենք, որ «Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքի, որն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի որոշմամբ պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման, Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքի իրավունքի սահմանափակումը։
Այն է՝
- Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքի արգելք նախատեսող դատական ակտի հիման վրա հարկադիր կատարողն իր որոշմամբ սահմանափակում է Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքի իրավունքը:
- Ծառայության համապատասխան ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության (քաղաքացիական) դատարանը հարկադիր կատարողի դիմումի հիման վրա որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքը սահմանափակելու մասին, եթե ոչ դրամական պահանջ սահմանող կատարման ենթակա ակտը հնարավոր չէ կատարել առանց հետախուզվող անձի անձնական մասնակցության, և նրան հայտնաբերելու ուղղությամբ հարկադիր կատարողի ձեռնարկած՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն։
- Դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում և որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումին կից ներկայացված նյութերի հիման վրա, դիմումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել, բայց վերաքննիչ դատարանի դատական ակտով որոշման կատարումը կասեցվել չի կարող։
- Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքի սահմանափակումը հարկադիր կատարողի որոշմամբ վերացվում է հետախուզումը դադարեցնելուց կամ ելքի իրավունքը սահմանափակելու մասին դատարանի որոշումը վերացվելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։
- Հարկադիր կատարողը Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքի սահմանափակման և դրա վերացման մասին անհրաժեշտ տվյալներն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում Կառավարության սահմանած կարգով մուտքագրում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ։
Տեղեկացնում ենք նաև, որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքի արգելքը կարգավորվելու է բացառապես նշված կարգավորումների համատեքստում»:



























