Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղն ասել է, որ երկիրը աշխատում է Թուրքիայի հետ՝ հասնելու վառելիքի հարկի շուրջ վեճերի պատճառով երկու երկրների սահմանին մնացած բեռնատարների խնդրի մշտական լուծմանը։ Այս մասին հայտնում է Mehrnews-ը։
«Մենք ինտենսիվ բանակցություններ ենք վարում այս հարցն ամբողջությամբ և հիմնովին լուծելու համար»,- հավելել է նա։
Սադեղը նշել է, որ Իրանի և Թուրքիայի միջև վառելիքի հարկի վեճը լուծելու բանակցությունները վերջին օրերին ձգձգվել են, քանի որ բանակցություններն ընթացել են մի քանի ուղղություններով՝ երկու երկրների տրանսպորտի գերատեսչությունների և արտաքին գործերի նախարարությունների միջև:
Ավելի քան հազար իրանական բեռնատարներ արգելափակվել են Թուրքիայի հետ սահմանին դեկտեմբերի 29-ից ի վեր, երբ երկիրը հայտարարեց, որ դադարեցնում է իրանական մեքենաների համար վառելիքի հարկային արտոնությունները: Սա վրդովմունք է առաջացրել բեռնատարների վարորդների շրջանում, ովքեր ասում են, որ իրենք չեն կարող իրենց թույլ տալ վճարել վառելիքի հարկը, որը համարժեք է Թուրքիայի սպառման հատուկ հարկի 155%-ին:
Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ նոր միջոցը պատասխան է Իրանի կողմից արտասահմանյան բեռնատարներից վառելիքի հարկեր գանձելուն:
Իրանը հակադարձել է վառելիքի հարկման թուրքական նոր քաղաքականությանը՝ հունվարի 3-ից դադարեցնելով թուրքական բեռնատարներին վառելիքի մատակարարումը։




























